Ա. «Բանակամետ»

Կամ՝ «սուխոյ ատկազ»։ Այս մոտեցման կողմնակիցները հիմնականում բանակի ուղղակիորեն առնչություն ունեցողներ են, իշխող կուսակցության ներկայացուցիչներ, ազգայնական թևի որոշ ներկայացուցիչներ։ Հազվագյուտ բացառությամբ չեն ասում, թե բանակում խնդիրներ չկան, բայց հիմնականում օգտագործում են խուսափողական գնահատականներ. «Կան որոշ խնդիրներ...»։ Նաև կիրառում են երեք թեզեր. «Բանակի շուրջ քննարկումները սպառնալիք են ազգային անվտանգության համար», «Բանակը հասարակության հայելին է. այսինքն բանակում ամբողջ հասարակության հիվանդություններն են երևում, նշանակում է մեղավոր է ընդհանրապես հասարակությունը» և «Բանակը քննադատողները գրանտակերներ են, լևոնականներ»։

Բ. «Հակաբանակայիններ» (կամ՝ եթե յազվություն անելու լինեք՝ «ՀԱԿաբանակայիններ» ;))

Իմ դիտարկումներով. հիմնականում ընդդիմադիրներ են ու հիմնականում կանայք են։ Պահանջում են արմատական փոփոխություններ «հենց հիմա» (ստանդարտ «լուծումներից» է այս կամ այն պաշտոնյայի անմիջապես հրաժարական պահանջելը)։ Սովորաբար լավ տեղյակ չեն բանակային իրականությունից, շեշտում են միայն բացասական երևույթներն ու գերադասում են «չնկատել» ընդհանուր պատկերը։ Իրենց քննադատներին անվանում են «ԿԳԲ-ի [իշխանության, ՊՆ-ի, you name it] ագենտներ»։ Պնդում են, որ անկախ այն բանից, թե ինչպիսին է հասարակությունը, բանակում ամեն ինչ պիտի իդեալական լինի։ Այս խմբում առանձնանում է նաև պացիֆիստների-ֆեմինիստների ենթախումբը, որոնց թեզերը հիմնականում դասական՝ դեռ անցյալ դարի սկզբներից շրջանառության մեջ մտցրած «ամեն ինչում մեղավոր են ագրեսիվ որձերը» թեզի տարբերակներ են։

Գ. «Անկեղծ մտահոգվածներ»

Ընդունում են բանակում լուրջ խնդիրների առկայությունը, բայց համարում են, որ հուզականությամբ որևէ խնդիր չի լուծվում։ Փորձում են տարբերել իրական դրդապատճառները հետևանքային դրսևորումներից։

Բանակի հարցով իսկապես լուրջ զբաղվողներին երևի թե կարելի է առանձնացնել հետևյալ հատկանիշներով.

  • Խուսափում են կատեգորիկ պնդումներից։ Պատրաստ են լսել ընդդիմախոսին, որոշ դեպքերում ընդունել ընդդիմախոսի կարծիքը, հրապարակայնորեն ընդունել իրենց սխալները։ Չեն վախենում իրենց կարծիքները քննարկման առարկա դարձնելուց։
  • Չեն վախենում հարցեր տալ ու հանգիստ լսում են պատասխանները, նույնիսկ եթե համաձայն չեն դրանց հետ։
  • Ուսումնասիրում են թեման, այդ թվում և «բազկաթոռից կտրվելով»; փորձում իրատեսական առաջարկներ անել՝ հիմնվելով իրենց ունեցած տվյալների վրա։

Պարզ է, որ Գ. խմբի իմ նկարագիրը շատ իդեալիստական է։ Եւ ամենախնդալուն այն է, որ Ա և Բ խմբերի ներկայացուցիչների մեծ մասն իրեն դասում է հենց այս՝ երրորդ խմբին։ Իրականում շատ դժվար է հստակ սահմանազատել այս խմբերն իրարից, առավել եւս, որ Ա և Բ խմբերի ներկայացուցիչները հակված են մեղադրելու Գ խմբի ներկայացուցիչներին՝ հակառակ ճամբարի գործակալ լինելու համար։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել