Ասենք, Պողոսն օրինապահ վարորդ է։ Պարտաճանաչ մուծել է կայանման՝ կարմիր գծերի վճարը, մեքենան կայանել սահմանված վայրում (կարմիր գծի տարածքում) ու ընկերոջ հետ նրա մեքենայով գնացել կարևոր հանդիպման։
Ետ է գալիս 2-3 ժամից, որ գնա մյուս կարևոր հանդիպմանն իր մեքենայով ու տեսնում՝ մեքենան չկա։ Հարցուփորձ է անում ու պարզում, որ երկրի նախագահը եկել է էդ փողոցում գտնվող ռեստորանում ճաշելու։ Անվտանգության աշխատողներն իրեն չեն գտել ու մեքենան էվակուատորով տեղափոխել են «գայի պլաշադկա»:
Հիմա ամփոփենք։ Էս մարդը մուծել է վճարը, օրենք ու կարգ չի խախտել, մեքենան սխալ տեղում չի կայանել ու կանգնելու պահին նրան ոչ ոք չի զգուշացրել, որ քիչ հետո պետք է հանել մեքենան։
Ու էս մարդը կանգնում է փաստի առաջ։ Պլանները խախտվում են, պայմանավորվածություները՝ հետաձգվում, որովհետև բանուգործը թողած՝ պիտի գնա, պլաշադկից մեքենան հանի։ Սրան գումարած՝ ներվային ապրումները։
Դե հիմա ասեք՝ նորմալ երկրում քանի՞ հոգի դատի կտար նախագահի աշխատակազմին ու, ի դեպ, կշահեր։
Էլ չենք ասում, որ մինչև հյուրերի ժամանելը 4 ժամ շարունակ զահլա են տանում դռիկներով ու բարձրախոսներով, օրվա պիկ ժամին էլ հարակից բոլոր փողոցները խցանվում են։
Լավ, էդքան դժվար է՞ էս հարցին քաղաքակիրթ լուծում գտնելը։ Թե չէ օրինակ Պուշկինի փողոցը դարձել է իսկական բերմուդյան եռանկյունի վարորդների համար։ Հո մարդիկ կրակը չե՞ն ընկել, որ երկրի ղեկավարը սիրում է Դոլմամայում հաց ուտել։