Ցեղասպանության 100-ամյակին հաշված օրեր են մնացել, իսկ Եվրոպայում ու Ամերիկայում շարունակվում է արդեն ավանդական դարձած «Էշերի տեղ դնենք հայերին» հայեցակարգը։
Օրինակ՝ դիտարկենք Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ էրնեստի պարզաբանումը՝ կապված Օբամայի ապրիլի 24-յան ճառում «Ցեղասպանություն» բառն օգտագործելու վերաբերյալ.
«Միացյալ Նահանգների նախագահը և վարչակազմի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ բազմիցս են ճանաչել պատմական այն փաստը, որ Օսմանյան Թուրքիայի գոյության վերջին տարիներին մեկևկես միլիոն հայ սպանվել կամ ստիպողաբար մահվան են ուղարկվել անապատում»։
Մի՞թե Սպիտակ տանը չգիտեն, որ համաձայն միջազգային իրավունք նորմերի՝ պետության կողմից ազգային հողի վրա համակարգված ու հետևողական սպանություններն ու դեպորտացիան կոչվում են ՀԵՆՑ ցեղասպանություն։ Իհարկե գիտեն, առավել ևս, որ այդ նույն ձևակերպումներից օգտվելով՝ ժամանակին ռմբակոծեցին ու տրոհեցին Հարավսլավիայի պես հզոր պետությանը։ Հետևաբար, եթե գիտեն ու նման պարզաբանում են տալիս, որտեղ ձևակերպումները մեկին մեկ բռնում են Ցեղասպանություն ասվածի սահմանման հետ, բայց չեն արտաբերում այդ բառը, նշանակում է շարունակում են խաղալ մեր ու մեր զգացմունքների հետ՝ ի շահ իրենց արտաքին շահերի ու Թուրքիայի հետ հարաբերությունների։
Դիտարկենք մեկ այլ օրինակ՝ Եվրոխորհրդարանում Ցեղասպանության հիշատակման օր ճանաչելու մասին ընդունված բանաձևը և Թուրքիային ուղղված կոչը։ Մի՞թե Եվրոպայում ու Եվրոպարլամենտում չգիտեն, որ այդ բանաձևը ոչ մի պարտադիր ուժ չունի ոչ միայն Թուրքիայի նկատմամբ, այլև հենց Եվրոպայի։ Ո՞ւմ են պետք բուտաֆորիկ բանաձևերն ու պոպուլիստական ճառերը, եթե ընդհանուր արդյունքում դրանք ոչ մի ռեալ դերակատարություն չունեն։ Մի՞թե եվրոպացիները չեն հասկանում դա։ Իհարկե հասկանում են, բայց շարունակում են նման կիսալուծումներով թոզ փչել մեր աչքերին, որովհետև շատ լավ գիտեն, որ մենք այդ թոզն ընկալում ենք որպես երկնային մանանա ու բեկումնային ինչ-որ մի բան։
Սակայն խնդիրը ոչ ԱՄՆ-ում է, ոչ էլ Եվրոպայում։ Խնդիրը հենց մեզանում է ու կայանում է նրանում, որ մենք ֆետիշացրել ենք Ցեղասպանության ճանաչման հարցը, գերարժևորել այն անասելի ձևով, ու մեր ողջ արտաքին ու դիվանագիտական ռեսուրսն ուղղում ենք հենց այդ հարցին և այնքան ենք սրտատրոփ սպասում ինչ-որ փոփոխությունների, որ նույնիսկ սիմվոլիկ ու ոչ նշանակալից մանր տեղաշարժերին տալիս ենք հսկայական նշանակություն՝ բաց թողնելով կարևորը։