Թուրք լրագրողներից մեկը ժամանակին, երբ դեռ Հռոմի պապը չէր ասել, որ Հայոց ցեղասպանությունը քսաներորդ դարի առաջին գենոցիդն էր, պատմել է, որ մի քանի շաբաթ առաջ՝ մարտի վերջին, Վատիկանում ինչ-որ ճաշկերույթ է կազմակերպվել, և իրեն՝ այդ լրագրողին, բախտ է վիճակվել նստել Վատիկանում Թուրքիայի դեսպանի կողքին: Այդ դեսպանի անունը ձեզ դժվար թե որևէ բան ասի, բայց նա Թուրքիայում բավական հայտնի գիտնական է, աստվածաբան, դասավանդել է ոչ միայն Անկարայի, այլև աշխարհի մի շարք համալսարաններում, այդ թվում նաև Ամերիկայում: Ու չնայած պրոֆեսիոնալ դիվանագետ չէ, նրան դեսպան են նշանակել:
Եվ այդ պրոֆեսոր դեսպանը թուրք լրագրողին ասել է. «Թուրքիան և քրիստոնյա աշխարհը լուրջ ճգնաժամի նախաշեմին էին՝ ապրիլի 24-ի հետ կապված: Եթե Պապը որոշեր ամսի 24-ին գնալ Երևան, դա կհանգեցներ լուրջ ճգնաժամի: Բայց դա հաջողվեց վերջին պահին կանխել՝ շնորհիվ Թուրքիայի ազդեցության»:
Թուրք մեկ այլ լրագրող՝ Բուրաք Բեքդիլը, այս առիթով երեկ «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթում մի այսպիսի հեգնական մեկնաբանություն է արել: «Հրաշալի լուր կլիներ ճգնաժամը մեր ջանքերով կանխելու մասին լուրը, եթե չլիներ մի հանգամանք. այն, ինչ պետք է կատարվեր ապրիլի 24-ին Երևանում, պարզապես կատարվեց ապրիլի 12-ին Վատիկանում, ինչի արդյունքում մեծ գիտելիքների տեր մեր աստվածաբան դեսպանը հետ կանչվեց Անկարա»:
Անդրադառնալով Թուրքիայի հոխորտանքներին և սպառնալիքներին Վատիկանի հասցեին՝ Բուրաք Բեքդիլը հեգնում է. «Վատիկանի ռազմաարդյունաբերական ձեռնարկությունները երևի կզրկվեն թուրքական շահեկան գործարքներից, այդ թվում Թուրքիայից հրթիռներ և ավիակիր ստանալու հնարավորությունից: Տնտեսագետները կանխատեսում են, որ թուրքական պատժամիջոցներից ամենից շատ կտուժեն Վատիկանի ավտոարդյունաբերական հսկաները: Դրան զուգահեռ Թուրքիան կկասեցնի Վատիկանին 52 միլիարդ դոլարի վարկի տրամադրումն այնքան ժամանակ, մինչև Հռոմի պապը ներողություն չխնդրի թուրքերից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար»: Ու լրագրողը շարունակում է. «Պատժելով Վատիկանին՝ մեր վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ըստ հավաստի աղբյուրների, հրահանգել է Թուրքիայի հզոր նավատորմն ուղարկել Բահամյան կղզիներ, որպեսզի կանխվի Վատիկանի կողմից այնտեղ նավթի ու գազի արդյունահանումը»:
Իր հոդվածը թուրք լրագրողն ավարտում է այսպես. «Այո, դա հրաշալի գաղափար էր՝ Վատիկանում դեսպան նշանակել մեծ գիտելիքների տեր աստվածաբանին: Որովհետև եթե պրոֆեսիոնալ դիվանագետ նշանակվեր, դա ճգնաժամի կհանգեցներ Թուրքիայի և քրիստոնյա աշխարհի հարաբերություններում: Բայց հիմա աստվածաբանի ջանքերի շնորհիվ այդ ճգնաժամը կանխվեց: Եվ ուրեմն Անկարան պետք է լրջորեն մտածի աշխարհի այլ երկրներում ևս աստվածաբան դեսպաններ նշանակելու մասին»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=902765463118816&set=np.1429210514071446.100003713196176&type=1&ref=notif¬if_t=notify_me
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել