Վաղուց ոստիկանության մասին չեմ գրել, մեկ-մեկ սիրտս չի դիմացել, խառնվել եմ քննարկումներին` մեկնաբանել, փորձել պաշտպանել. երբ զգացել եմ՝ անարդարացի է, ոչ օբյեկտիվ, հանիրավի…
Շատ չի անցել` պահեստազորում եմ երկու տարուց մի փոքր ավել, բայց ինձ թվում է՝ հավերժություն է անցել: Չգիտեմ, այնուամենայնիվ, հպարտանում եմ համակարգում աշխատած իմ երկար, շատ երկար տարիների` հատկապես վերջին ժամանակաշրջանի համար: Բարդ, հակասական, դժվար, մասնագիտական և մարդկային որակների քննության, արժեհամակարգի փոփոխության, ժամանակին համընթաց քայլելու ունակության դրսևորման տարիներ էին…
Ինչևէ, ես ինքս էլ իմ փոքրիկ լուման ունեցա ոստիկանությունում ստերեոտիպերը ջարդելու, նոր աշխատաոճը, ոստիկանության աշխատակցի նոր կերպարը ձևավորելու գործում: Այսօրվա ոստիկանությունն անշուշտ էապես տարբերվում է… Այն ավելի տեսանելի է, ավելի արդիական, ավելի հանդուրժող և իմ կարծիքով ավելի գրագետ ու պատրաստված:
Դա իհարկե նաև իմ կողմից շատ հարգված և ոստիկանության հեղինակության, նրա դերի բարձրացման գործում մեծ ներդրում ունեցած ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետևողական աշխատանքի արդյունքն է: 
Այսօր ոստիկանության օրն է, համակարգում աշխատող և պահեստազորում հայտնված իմ սիրելի ու հարգարժան բարեկամների տոնը… Շնորհավորում եմ և հաջողություններ մաղթում…
Բարդ աշխատանք է, նաև անշնորհակալ, դժվար, վտանգավոր, սակայն միևնույն ժամանակ անհրաժեշտ ու պատվաբեր: Բարեկամներս, կատարելով ձեր պարտականությունները՝ առաջնորդվեք օրենքի պահանջներով, միշտ «զրուցեք» ձեր խղճի հետ և եղեք նվիրված Հայրենիքին ու ժողովրդին…
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՈՍՏԻԿԱ՛Ն….

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել