Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ Վատիկանում տեղ գտած երեկվա ելույթի պես ազդեցիկ, խորը ու իմաստուն ելույթ շատ վաղուց չէր եղել։ Իրոք, դժվարանում եմ մտաբերել այսպիսի խորը, համապարփակ և դիվանագիտական առումով շատ նուրբ ճառ, որ արտասանված լինի մեր եկեղեցապետերի կողմից։
Նախ, կուզենայի առանձնացնել այս ելույթի երկու հիմնական բաղադրիչները՝ հոգևորն ու հասարակական-քաղաքականը։
Ինչը ինձ շատ դուր եկավ հոգևոր կոմպոնենտում, դա բացարձակ ինքնուրույն ու ինքնաբավ կեցվածքն էր, որով հանդես եկավ կաթողիկոսը։ Իր ճառի հենց սկզբից նա ընդգծեց իր ու իր եկեղեցու հավասարությունը Պապի ու կաթոլիկ եկեղեցու հետ և դա արեց՝ կիրառելով «եղբայր» եզրույթը, սակայն միայն դրանով չէ, որ սահմանափակվեց։ Իր ելույթի ողջ ընթացքում Գարեգին Վեհափառը հանդես էր գալիս ոչ թե ինչ-որ փոքրիկ ու սակավամարդ եկեղեցու քահանայապետի կեցվածքով, ով պատիվ ունի գտնվելու միլիարդից ավել հետևորդ ունեցող գիգանտ կաթոլիկ ճյուղի ղեկավարի գլխավոր տաճարում, այլ բազմադարյա պատմություն ունեցող և քրիստոնեության ջատագով ազգի հոգևոր առաջնորդի կարգավիճակում, ով գնահատում է Պապի քայլն ու ուշադրությունը և դրա մեջ առաջին հերթին տեսնում է ոչ թե վերադասի վերաբերմունք, այլ քույր եկեղեցիների հոգևոր միասնությունը խորհրդանշող և քրիստոնեության ոգուն հարիր քայլ։ Ու հենց այդ քրիստոնեական միասնականության ու դավանաբանական հակադրումներն ընդհանրացնող ու մերձեցնող քայլերի կարևորությունն ընդգծելով էլ Գարեգին Բ-ն եզրափակեց իր ելույթի հոգևոր մասը։
Պակաս տպավորիչ չէր ելույթի հասարակական-քաղաքական մասը, որում կաթողիկոսը միանգամից մի քանի կարևորագույն մեսիջներ հղեց ամբողջ աշխարհին։ Անչափ շնորհակալ եմ վեհափառից, որ նա հատուկ ընդգծեց, որ Ցեղասպանության ողբերգությունն իր ողջ ցավով ու արյամբ այսօր խորհրդանշում է ոչ թե մեր թուլությունը, այլ ընդհակառակը՝ այն անսահման քրիստոնեական հզորությունը, որն օգնեց մեր ազգին չուրանալ իր արմատները, փրկել իր բեկորները և հարյուր տարի անց ուղղել իր մեջքը։ Միևնույն ժամանակ կաթողիկոսն ուղղակիորեն կապեց Հայոց ցեղասպանության հետ հետագայում տեղ գտած այլ ցեղասպանությունները՝ դրանք անվանելով հետևանք նրա, որ ժամանակին աշխարհը չկանխեց մեր նկատմամբ ոճիրն ու նախադեպ ստեղծեց, և այսօր էլ պակաս կարևոր չէ, որ աշխարհը փոխի իր ոսկրացած դիրքորոշումն ու պասիվ ընդվզման քաղաքականությունը ցեղասպանությունների հանդեպ, իսկ դրա համար պետք է այդ թվում նաև ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչին կարող է նպաստել նույն կաթոլիկ եկեղեցու արխիվների հանրայնացումը։ Բացի դրանից, շատ դուրս եկավ այն, որ կաթողիկոսն այսօրվա մեր աշխարհաքաղաքական կացությունն ուղղակիորեն ու տրամաբանական կապով կապեց Հայոց ցեղասպանության հետ ու Արցախում մեր պայքարը մատուցեց որպես Ցեղասպանության դեմ մեր պայքարի շարունակությունը հանդիսացող փուլ, իսկ թուրք-ադրբեջանական բլոկադան՝ հայատյացության ու ցեղասպանելու ցանկության նորովի դրսևորում։
Մի խոսքով, շատ գրագետ ու դարակազմիկ ճառ էր, որը հարիր էր այս դարակազմիկ իրադարձությանը։ Շատ կցանկանայի, որպեսզի մեր կաթողիկոսը շարունակի այս տպավորիչ քաղաքականությունը, որը որակական նոր երանգ է տալիս ինչպես կաթողիկոսի, այնպես էլ Հայ առաքելական եկեղեցու կերպարին հատկապես միջազգային քաղաքականության ոլորտում։