BBC Breaking News-ը իր թվիթերի պաշտոնական էջում գրում է
Առաջին համաշխարհայինի ժամանակ Օսմանյան կայսրությանում հայերի սպանդը «20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է». ասում է Հռոմի պապը։
«Պապ Ֆրանցիսկոսն օգտագործել է «Ցեղասպանություն» բառը՝ Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանան կայսրությունում 100 տարի առաջ տեղի ունեցած հայերի զանգվածային սպանդը բնութագրելիս՝ այսօր Վատիկանում մատուցված պատարագի ժամանակ։
Հայաստանն ու շատ պատմաբաններ պնդում են, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում կազմակերպված ոչնչացման է ենթարկվել շուրջ 1.5 միլիոն հայ։ Ակնկալվում է, որ Պապի հայտարարությունը կզայրացնի Թուրքիային, որը հետևողականորեն մերժում է, որ հայերի սպանդը ցեղասպանություն էր։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է 10-րդ դարի հայ աստվածաբանին նվիրված միջոցառմանը։
Այս վեճը շարունակում է խոչընդոտել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները»։
«Արնահոսող վերք»
Պապն առաջին անգամ «Ցեղասպանություն» բառն օգտագործել է երկու տարի առաջ՝ արժանանալով Թուրքիայի բուռն բողոքներին։ Մասնակցելով Սուրբ Պետրոսի տաճարում կազմակերպված Հայ կաթոլիկ թեմի կիրակնօրյա պատարագին՝ նա հայտարարել էր, որ մարդկությունն անցել է «երեք զանգվածային ու աննախադեպ ողբերգություններով» անցած դարի ընթացքում։
«Առաջինն աշխարհում լայնորեն ճանաչված է որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն», և այն հարվածել է հայ ժողովրդին», - ասել է նա։
Հաջորդ երկուսը Նացիստների կազմակերպած Հոլոքոսթն ու Ստալինիզմն են, ըստ Associated Press-ի՝ ասել է Պապը։
Նա ասել է, որ դա իր պարտքն է՝ պատվելու բոլոր նրանց հիշատակը, ովքեր սպանվել են։
«Հայոց ցեղասպանությունը ծածկելը կամ էլ չարիքը մերժելը նշանակում է՝ թողնել, որ վերքն արնահոսի՝ առանց վիրակապելու այն», - հավելել է Պապը։
Կիրակի օրը Ֆրանցիսկոս պապը նաև պատվել է 10-րդ դարի աստվածաբան Գրիգոր Նարեկացուն՝ հռչակելով նրան «Տիեզերական Եկեղեցու վարդապետ»։ Միայն 35 մարդ է արժանացել այս կոչմանը, հաղորդում է Associated Press-ը։
Հայաստանը 1915 թվականի ապրիլի 24-ը նշում է որպես զանգվածային սպանությունների սկիզբ։ Այս երկիրն արդեն երկար ժամանակ է պայքարում է նրա համար, որ այն, ինչ իրենք համարում են ցեղասպանություն, ավելի լայն ճանաչում ունենա։
«Քաղաքական կոնֆլիկտ»
2014 թվականին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին անգամ ցավակցեց զոհված հայերի ժառանգներին։ Սակայն նա նաև նշել էր, որ Հայաստանի համար անթույլատրելի է այս հարցը «քաղաքական կոնֆլիկտի վերածելը»։
Հայաստանն ասում է, որ 1915-1916 թվականներին Օսմանյան կայսրությունում 1.5 միլիոն հայ է զոհվել։ Թուրքիան ասում է, որ զոհերի թիվը շատ ավելի փոքր է եղել։ Ոչ թուրք հետազոտողների մեծամասնությունը համարում է այս իրադարձությունները ցեղասպանություն։ Արգենտինան, Բելգիան, Կանադան, Ֆրանսիան, Իտալիան, Ռուսաստանն ու Ուրուգվայը մտնում են այն երկրների թվի մեջ, որոնք պաշտոնապես ճանաչել են այդ իրադարձությունները որպես ցեղասպանություն։
Թուրքիան շարունակում է պնդել, որ զոհվածներից շատերը կորցրել են կյանքը Առաջին աշխարհամարտի տարիներին տեղ գտած բախումների արդյունքում, և շատ էթնիկ թուրքեր ևս տուժել են դրանց ժամանակ։