Այս արտահայտության տակ սարկազմի բաժին կա: 
Այն լսելիս` շատերը սխալ են հասկանում. նրանց թվում է, թե ընդունելու մեջ նաև սիրելն է մտնում կամ մերձությունն ու մտերմությունը, անմիջական շփումը: Շատերին թվում է` եթե մեկին կամ մի բան ընդունում ես, ուրեմն պետք է դնես գլխիդ, ման գաս ու ամեն պատի տակ դրա գովքը երգես: Դրա համար էլ, մարդիկ ձգտում են մյուսներին ընդունել, բայց չեն կարողանում կամ երբեմն էլ չեն ուզում ընդունել այնպիսին, ինչպիսին նրանք կան: Օրինակ` դիմացինդ, ներողություն արտահայտությանս համար, իսկական թրիք մըն է: Ի՞նչ է պետք անել: Այստեղ առաջնային խնդիրը փաստն արձանագրելն է` ՍԱ ԹՐԻՔ ՄԸՆ Է, դրանից հետո անհարժեշտ է ընդունել ոչ թե նորին օծություն թրիք մը, այլ դրա հետ կապված փաստը, այսինքն այն, որ դա իսկականից թրիք է: Այ հենց այդ երկրորդ քայլի վրա էլ շատերի մոտ երբեմն առաջանում են որոշակի խնդիրներ...

Բանը նրանումն է, որ միայն փաստն ընդունելուց հետո է առաջանում է տոլեռանտ և ադեկվատ վերաբերմունք որևէ անկյունում սփռված օրգանիզմում չմարսված նյութերի տվյալ ամբողջության նկատմամբ: Ավելին, միայն փաստն ընդունելուց հետո է առաջանում պահվածքի այն մոդելը, որը գիտական շրջանակներում կոչում են` «Հո՛պ, թրիք ա, զգո՛ւյշ» կոնգուրենտ մոդել: Երբ մարդու մոտ ձևավորվում է պահվածքի տվյալ մոդելը, նա իր առջև հայտնվող թրիքներին ադեկվատ հակազդում է տալիս: Այսինքն, կամ «պլավնի ուխոդվում է» ` խուսափելով կեղտոտվելուց, կամ էլ հասկանում է, որ դա ստերիլ բան չէ և դրա հետ պետք է աշխատել հատուկ ձեռնոցներով, իսկ հետո ձեռնոցները պետք է դեն նետել: Եվ սիրել-միրելու մասին այստեղ խոսք չկա:
Հակառակ դեպքում, երբ մարդը չի կարողանում կամ չի ուզում ընդունել փաստը, նրա մոտ առաջանում է պահվածքի մեկ այլ մոդել, որը նույն գիտական շրջանակներում կոչում են` «Էս ի՜նչ վաԴ ես» ոչ կոնգուրենտ մոդել: Այս դեպքում, մարդը, տեսնելով թրիք մը, նախ` ավելի հաճախ արձանագրում է փաստը, թեկուզ ինտուիցիայով, բայց փորձում է չընդունել այն: Ամեն կերպ փորձում է համոզել ինքն իրեն և սպասել ուրիշներից, որ համոզեն իրեն, որ այն ինչ ինքը տեսնում է, ամենևին էլ այն չէ ինչ ինքը տեսնում է: Երբեմն անգամ այն վերցնում է ձեռքը, քսում շորերին, դեմքին, զզվանքից ճմռթում դեմքը, բայց անգամ հոտից խեղդվելիս խուսափում է փաստն ընդունելուց: Արդեն կողքիններն են խեղդվում, արդեն անգամ ասողներ են լինում, որ դա թրիք մըն էր, գրողը տանի, գնա լվացվի, իսկ նա չի ուզում ու չի ուզում ընդունել այդ փաստը: Ավելին, երբեմն, ոմանք էլ համարձակվում են անգամ այդ վիճակում մյուսներին պոզիտիվություն խորհուրդ տալ ու իր ետևից բացականչել. «Ընկերնե՜ր, նայե՜ք ձեր շուրջը, հապա մի հո՜տ քաշեք, մի՞թե չեք զգում` ինչպիսի թարմացնող կղանքային բույր է տարածվել Արարատյան դաշտի վրա: Ահա՜, անգամ «Րաֆֆու ձիավորներից մեկն է» այդ հոտից դարձել կապուտակ»...
Բայց, երբ նման մարդիկ շատանում են ու, երբ նրանց կողքին հայտնվում է մեկը, ով քչից-շատից արձանագրում և ընդունում է փաստերը, ավելին, սկսում է թրիքների նկատմամբ կոնգուրենտ ու տոլեռանտ վարք ցուցաբերել, իսկ երբեմն էլ մատնացույց անել թրիքը, նրան ասում են. «Ապե՛ր, դու ինչ-որ տոլեռանտ ու պոզիտիվ չես: Կարողա՞ դեպրեսիա ունես: Կարողա՞ ամենատյաց ես: Կարողա՞ եսիմինչաֆոբ ես»,- և այդպես շարունակ:

Ինչևէ, ամեն դեպքում պետք է հիշել նաև, որ թրիքն այդքան էլ անպիտան բան չի: Այն միշտ ազնվորեն ոչ միայն աղտոտել է պատմության քառուղիներից եկող մեր հայրենիքի փոշոտ փողոցները, այլ նաև նույն ազնվությամբ ծառայել է դրա բնակիչներին որպես պարարտանյութ, որպես վառելիք և այլն: Այնպես որ, թրիքին թերագնահատել էլ չի կարելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել