Life.panorama.am-ը գրում է.
Այս օրերին յուրաքանչյուր հայ, հատկապես ստեղծագործող անհատ, պարտադիր պայման է համարում անդրադառնալ նախնիների կանչին: Այսօր համացանցում տարածվեց հումորիստ-տնտեսագետ Արման Գևորգյանի կատարմամբ «Մնում եմ կանգուն» երգը:Life.Panorama.am-ը կապ հաստատեց վերջինիս հետ՝ ճշտելու մանրամասները. «Երգը պատրաստել եմ մոտ երկու տարի առաջ, թեև երբեք եթերներով չի հնչել: Միայն մի քանի անգամ ռադիոյով է «պտտվել»: Սպասում էի, որպեսզի այս օրերին ներկայացնեմ: Վերջերս նորից վերլուծելով հասկացա, թե խոսքերը որքան համահունչ են հայի տեսակին. ինչ էլ լինի, որքան էլ մեզ հալածեն, միևնույն է, ազգային այն տեսակն ենք, որը միշտ ԿԱՆԳՈՒՆ Է ՄՆՈՒՄ: Այդ իսկ պատճառով որոշեցի կատարումս ներկայացնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին»:
Խոսքերի հեղինակը Հայկ Մկրտչյանն է, երաժշտությունը գրել է Արտյոմ Ամիրյանը: Գործիքավորումը կատարվել է «Էմփիրեյ» ստուդիայում: Ա. Գևորգյանը ցանկանում է նաև տեսահոլովակ նկարահանել, սակայն, զբաղվածության և Հայաստանից ժամանակավոր բացակայության պատճառով նպատակը ձգձգվում է: «Տեսահոլովակ նկարահանելու գաղափար կա, սակայն դեռևս ժամկետներ նշել չեմ կարող: Արդեն որոշ ժամանակ է՝ Սոչի քաղաքում եմ, տեղի հայ համայնքի հետ ակտիվորեն զբաղվում եմ բոլոր կազմակերպչական հարցերով, այդ թվում նաև ապրիլի 24-յան միջոցառումների աշխատանքներով: Ռուսասատանի այս հատվածում մեր՝ հայի մասին խոսելու, հայկական հարցը բարձրաձայնելու և հիշեցնելու համար ամեն բան արվում է: Շատ կարևոր է, որ դրսում միշտ խոսվի ու հիշատակվի»,-եզրափակեց հումորիստը: