Երբ 2009թ. հուլիսի 4-ին Վարդան Օսկանյանը դարձավ «Անելիք» բանկի խորհրդի անդամ, դրա մասին բանկը հատուկ հաղորդագրությամբ հանդես եկավ: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ բանկի բաժնետոմսերի 51%-ը վաճառվել էր լիբանանյան Կրդեիտ Բանկ ՍԱԼ-ին: Չեմ կարծում, որ մեր երկրի մնացած 20 առևտրային բանկերի խորհրդի անդամների փոփոխության դեպքում հատուկ հաղորդագրություններ են տարածվում: Սա նշանակում է, որ մեր սփյուռքահայ ընկերները՝ լիբանանահայ Հակոբ Գասարջյանի գլխավորությամբ, ցանկանում էին Վարդան Օսկանյանի ընդգրկվելը խորհրդի կազմում ի լուր աշխարհի տարածել: Իսկ երբ այս տարվա սեպտեմբերին լիբանանյան նույն բանկն արդեն դարձավ Անելիք բանկի 100% բաժնետերը, իսկ Հակոբ Գասարջյանն էլ բանկի խորհրդի նախագահը, բոլորիս համար աննկատ Վարդան Օսկանյանն արդեն բանկի խորհրդի անդամ չէ, ինչին կարելի է տեղեկանալ բանկի պաշտոնական կայքից: Հարց է առաջանում. եթե պարոն Օսկանյանն է ցանկացել այլևս չլինել բանկի խորհրդի անդամ, ապա այս ընթացքում նա մեր երկրում ամեն ինչի ու բոլորի մասին տարբեր հրապարակային ելութներով հանդես է գալիս, ինչո՞ւ չի տեղեկացրել հանրությանը, որ ինքը ասենք՝ բազմազբաղ լինելու պատճառով հրաժարվել է խորհրդի անդամությունից: Իսկ եթե նրան ուղղակի մեղմ ասած «խնդրել» են, որ դուրս գա խորհրդի կազմից, ապա սա էլ հարց է առաջացնում. մեր սփյուռքահայ բարեկամներն առավոտից երեկո իրենց զորակցությունն են հայտնում Վարդան Օսկանյանին և մեր իշխանություններին մեղադրանքներ ներկայացնում, բայց դրան զուգահեռ՝ սուսուփուս հանում են Վարդան Օսկանյանին բանկի խորհրդի կազմից՝ կարծելով, որ նրա ներկայությունը ստվեր կգցի բանկի վրա: Առավելևս, որ պարոն Օսկանյանը փողերի լվացման մեջ է մեղադրվում: Մի բան, որը բանկի համար հեչ հաճելի չէ, որ նման բացահայտված «մաքրասեր» գործընկեր ունենա: Այդ դեպքում էլ ինչո՞ւ եք համարում, որ իշխանությունները պարոն Օսկանյանին հանիրավի են մեղադրում, երբ ինքներդ չեք ցանկանում նրա հետ այլևս գործ ունենալ: Եթե անգամ Օսկանյանն ինքը ցանկանար հրաժարվել խորհրդի անդամի պարտականություններից, նրան պետք է համոզեին, որ լավ ժամանակ չի ընտրել. լավ կլինի գոնե հիմա մնա, որպեսզի անուղղակորեն կասկած չառաջանա, թե ինչո՞ւ հիմա է դուրս եկել խորհրդի կազմից:
Կուզենամ բոլոր դեպքերում պարզաբանում ստանալ համացանցային մեր բավական ակտիվ օգտատեր Վարդան Օսկանյանից, այլապես այս նուրբ հարցում լռությունն անհարկի կասկածներ է առաջացնում:
Այսպիսով՝
1. Ե՞րբ է նա դուրս եկել «Անելիք» բանկի խորհրդի կազմից,
2. Խորհրդի անդամ եղած ժամանակ «Անելիք» բանկում ինքը կամ իր ընտանիքի անդամներն ունեցե՞լ են հաշիվներ,
3. Եթե այո, ապա եղե՞լ են արդյոք այդ հաշիվներին փոխանցումներ դրսից ու դրանց միջոցով գործարքներ Սիվիլիտասի հետ: