«ԷԽՈ» հաշմանդամ երեխաներին և երիտա- սարդներին աջակցող ՀԿ նախագահ |
Ըստ իս՝ դպրոցներում վերահսկողություն չկա: Ավաղ եվրո լուսամուտներն ու դռներն ամենևին չեն խոսում լավ կրթության մասին։ Իրարից տարբերվող բազում դասագրքեր, տարբեր հեղինակներով, որոնց հեղինակների կրթությունն ու մասնագիտությունը դեր չի խաղում։ Կարևորը, որ հեղինակը մրցույթով անցնի։ Պրոցեսը շարունակական է, անընդհատ ծնվում են նոր դասագրքեր, անցնում են մրցույթով, և այսպես անվերջ։ Ամեն ինչ թողնված է ինքնահոսի։ Իմ իմանալով կա նոր կրթակարգ, չափորոշիչներ ու նոր մեթոդներ` վերցված դրսից, որոնց կիրառումը 40 և ավելի աշակերտի առկայության դեպքում անհնար է։ Նույնիսկ լավագույն ուսուցիչը չի կարող աշխատել 40 աշակերտի հետ ինտերակտիվ մեթոդով։
Դրանց կողքին աճում են մասնավոր, վճարովի դպրոցները։ Նրանք աշխատում են փոքրաթիվ խմբերով` իրենց մեթոդներով։ Ծնողը, ում համար երեխային որակյալ, հիմնավոր կրթություն տալը առաջնահերթ խնդիր է, շտապում է վճարովի դպրոց, վճարում ահռելի գումար, սակայն տարբերությունը-տարբերությունը սերվիսի մեջ է: Աշակերտն օգտվում է փոխադրամիջոցից, սնվում է դպրոցում և դասերը սովորած` ժամը 17։00-ին գնում տուն։ Վեց ժամ դաս անելուց հետո երեխան 3-4 ժամ էլ մնում է նախապատրաստման համար։ Դե, ասում են` Եվրոպայում այդպես է։ Իսկ ովքե՞ր են հիմնում կրթօջախներ: Այստեղ էլ մասնագիտությունը կարևոր չէ։ Վերջերս կարդացի, որ աշակերտը պետք է սովորի տարբեր դպրոցներում։ Կան երգեր, բանաստեղծություններ` նվիրված կրթօջախին, ուսուցչին: Այս պարագայում ո՞ր դպրոցը կդառնա հարազատ, կկարողանա՞ն ունենալ մանկության հավատարիմ ընկեր, որի հետ ընկերություն կանեն մինչև վերջ։ Նման դեպքեր այսօր կան, որ արդեն պապիկ ու տատիկ դարձած, հավաքվում են դասարանով, կանանց, ամուսինների, թոռների հետ, և օրինակ ծառայում իրենց երեխաներին, թե ինչպես պետք է ընկերություն անել։ Իսկ որևէ այլ երկրում նման բան կա՞։ «Ոչ, ինչո՞ւ պետք է մեզանում այդպես լինի, մենք հո սպիտակ ագռա՞վ չենք»։
Այնուամենայնիվ, ցավոք, այսօր մատների վրա կարելի է հաշվել խելացի, բանիմաց տնօրենների, որոնց անունը չի հնչում, սակայն՝ հույսս չեմ կտրում, հավատում եմ, որ կգան մարդիկ, ովքեր կմտածեն աշակերտի, ուսուցչի ու դպրոցի մասին։