Ոմանք հեշտությամբ են նոր կարողություն ձեռք բերում, իսկ մյուսներն էլ մեծ ջանքեր են ներդնում դրա համար։ Վերջերս գիտնականները պարզել են, թե կոնկրետ ինչ է կատարվում այս երկու տեսակի մարդկանց ուղեղում, և ինչու են երեխաներն ավելի հեշտությամբ նոր բաներ սովորում։ Ուսումնասիրելով ուղեղում տեղի ունեցող նեյրոնային գործընթացները՝ կալիֆորնիացի գիտնականների թիմը պարզել է, որ արագ սովորող մարդիկ կարողանում են դեակտիվացնել իրենց ուղեղի այն հատվածները, որոնք տվյալ բանը սովորելու կամ տվյալ առաջադրանքը կատարելու համար անհրաժեշտ չեն։

Գիտնականները կատարել են հետազոտության մասնակիցների ուղեղի ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, մինչ մասնակիցները մի պարզ խաղ էին խաղում։ Նրանք ցանկանում էին տոմոգրաֆիայի շնորհիվ չափել ուղեղում տեղի ունեցող արյան հոսքը։ Պարզվեց, որ արյան հոսքն աճում էր ուղեղի այն հատվածներում, որոնք օգտագործվում էին տվյալ պահին խաղի համար։ Դանդաղ սովորողները, անկախ տարիքից, երկար ժամանակ են ծախսում նոր կարողություն ձեռք բերելու համար, որովհետև նրանք օգտագործում են ուղեղի նաև այն մասերը, որոնք անհրաժեշտ չեն տվյալ պահին, իսկ դա շեղում է նրանց բուն առաջադրանքի կատարումից։

Այս հետազոտության հեղինակը պրոֆեսոր Սքոթ Գրաֆթոնն է, ով աշխատում է Կալիֆորնիայի համալսարանի հոգեբանության բաժնում։ Հետազոտության մասնակիցները խաղը նախ խաղացել են լաբորատորիայում, ապա նրանց խնդրել են տանը պարապել այդ խաղը։ Դրանից 2, 4 և 6 շաբաթ անց նրանց ուղեղները կրկին սկանավորվել են։ Այն մասնակիցները, ովքեր ուղեղի ցածր ակտիվություն էին ցուցաբերում ուղեղի այնպիսի հատվածներում, ինչպիսիք են ճակատային ուղեղակեղևը և առաջնային գոտկային ուղեղակեղևը, ամենից ավելի արագ են սովորում։
Ուղեղի այս մասերը պատասխանատու են ուղեղի գործադիր ֆունկցիաների համար (ծրագրերի կազմում, սխալների հայտնաբերում ու սխալներից խուսափում ու բարձր մակարդակի մտավոր գործողություններ)։ Ճակատային ուղեղակեղևը ու առաջնային գոտկային ուղեղակեղևն ուղեղի ամենաուշ ձևավորվող մասերն են։ Ահա թե ինչու են երեխաներն ավելի հեշտությամբ նոր կարողություններ ու գիտելիքներ ձեռք բերում, քան մեծահասակները։ Ուղեղի այս հատվածները, որքան էլ որ օգտակար լինեն, միաժամանակ նաև խոչընդոտում են որոշակի մտավոր գործողությունների իրականացմանը։



