Ապրիլի 11–ից «Շանթ» հեռուստաընկերության եթերում կմեկնարկի նոր սիթքոմ՝ «Խոպանի տեսությունը», որում դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը խաղում է  լոռեցի աղջկա դեր, Հայկ Պետրոսյանը կլինի սիթքոմի միակ տղան, Անաիս Սարդարյանն ու Մանանա Գևորգյանը տան երիտասարդ աղջկներն են, Արշալույս Ավետիսյանը՝ տատիկը, իսկ դերասանուհիներ Զառա Սահակյանն ու Անի Պետրոսյանը տան հարսներն են և կներկայանան միջին տարիքի կանանց կերպարներով։

Զառան այս անգամ ներկայանալու է իր տարիքից մեծ կնոջ կերպարով։ Թեև տարիներ առաջ «Yere1» նախագծում նա կրկին խաղացել է տարիքով կնոջ կերպար, կարծում է՝ այս անգամ այլ կերպ կներկայանա։

«Իսկապես դժվար է մեծի կերպար խաղալ, քանի որ պետք է վիզուալ էլ համապատասխանես, առավել ևս՝ կենցաղային պայմաններում, որտեղ հարսները ոչ խնամված են, ոչ ամուսնական կյանք ունեն. ամբողջ օրը տանն են,- BlogNews.am-ին ասաց Զառան ու հավելեց, որ անձնական փորձի փակասը լրացնում է շրջապատն ուսումնասիրելով,- ես հնարամտորեն ուսումնասիրում եմ շրջապատի բոլոր կանանց, հարևաններին, որպեսզի ստանամ կերպարը, իսկ «պարոդյաներն» ինձ մոտ ստացվում են»։

Զառայի փոխանցմամբ՝ փորձել են արտաքնապես էլ ստանալ մեծ կնոջ կերպար։ «Մեծ տարիքի կնոջ դեր խաղալու համար պետք է վիզուալ փոփոխություններ անել, որպեսզի մառազմի չվերածվի։ Սկզբում չէինք ցանկանում դիմել կեղծամի օգնությանը, սակայն առանց դրա անհնար էր տարիքով կնոջ կերպար ստանալ»,- ասաց նա ու հավելեց, որ դիմահարդարման օգնությամբ կերպարի համար կնճիռներ էլ են ավելացրել, դեմքի փոսիկները խորացրել։

Ամալյա Հովհաննիսյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել