Բոլորին է հայտնի, որ այլաբնույթ կրոնական կազմակերպությունները հաճախ են փորձում Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանանքի և իրենց ուսմունքի միջև ընդհանուր գծեր ու նմանություններ փնտրել, գտնել ու հռչակել՝ ասելով. «Առաքելական Եկեղեցու և մեր միջև ոչ մի տարբերություն չկա. մեր հավատքը նույնն է. մենք ընդունում ենք նույն Աստվածաշունչը և Նիկիայի Հավատո հանգանակը»։ Անշուշտ, այս մոլորեցնող հայտարարության դրդապատճառները հասկանալի են։ Թեև մեկ անգամ արդեն խոսվել է այս թեմայի շուրջ, սակայն պետք չէ մոռանալ, որ խնդիրը ոչ այդքան տեքստերի մեջ է (որոնք հիմնականում նույնական են), որքան՝ դրանց մեկնաբանության։ Առհասարակ հավատքո հանգանակաները՝ հավատամքները (գրաբարից թարգմանաբար՝ «հավատում ենք») եկեղեցիների հավատքի սահմանումներն են՝ համառոտ բանաձևումներ, որոնցում ամփոփված է, թե ինչի՛ է հավատում տեղային տվյալ եկեղեցու հավատացյալը։ Բայց որքան էլ որ զարմանալի է, հավատամքները, որպես կանոն, ծնունդ չեն առել ինքնաբերաբար. հավատքի սահմանների ընդգծման կարիք է զգացվել այն ժամանակ, երբ որևէ աղանդ կամ հերձված փորձել է խեղաթյուրել Քրիստոսի Սուրբ Եկեղեցու ճշմարիտ վարդապետությունը։ 
Այսպիսով առաջին պաշտոնական հանգանակը, որ 325թ. հռչակվեց Նիկիա քաղաքում տեղի ունեցած ժողովի ժամանակ, ի հեճուկս Արիոս անունով աստվածամարտ մի հերձվածողի հայտարարեց, որ Քրիստոս սոսկ մարդ չէ, այլ՝ Աստված։ Հետագա դարերի որոշ լրացումներով (ինչպես օրինակ Կոստանդնուպոլսի ժողովը 381թ.) այսօր այս հանգանակը ընդունում են քրիստոնաեկան գրեթե բոլոր եկեղեցիները, այդ թվում և Առաքելական Եկեղեցին, սակայն ոչ բոլորն են, որ այն հասկանում և մեկնաբանում են Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանանքի համաձայն։ Այդպես էր նաև միջնադարում, երբ Գրիգոր Տաթևացի սուրբ վարդապետը (կամ Տաթևի դպրոցի ներկայացուցիչները) Նիկիական հանգանակի հիման վրա կազմեցին մեկ այլ հավատամք՝ դավանական մանրամասներով և լրացումներով հանդերձ՝ հավատավոր հոտը օտարամուտ վարդապետություններից ապահովագրելու համար։ Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իմանալ, թե ինչի՛ է հավատում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և Նրա հետևորդը, առաջարկում եմ ընթերցել Հավատամքը աշխարհաբար թարգմանությամբ։


Խոստովանում և կատարյալ սրտով հավատում ենք, որ Հայր Աստված
անստեղծ է, անծին և անսկիզբ, այլև ծնողը Որդու և բխողը Սուրբ Հոգու:
Հավատում ենք, որ Բանն (Խոսքն) Աստված անստեղծ է, Հորից նախքան հավիտյանները ծնված և սկսված, Նրանից ո՛չ առաջ և ո՛չ հետո, այլ որքանով Հայրը հայր է, այնպես էլ Որդին՝ որդի:
Հավատում ենք, որ Սուրբ Հոգի Աստվածն անստեղծ է, անժամանակ,
ծնված չէ, այլ բխում է Հորից, էակից է Հորը և փառակից՝ Որդուն:
Հավատում ենք, որ Սուրբ Երրորդությունը մի բնություն է, մի աստվածություն. ոչ թե երեք աստվածներ, այլ մի՛ Աստված, մի՛ կամք, մի՛ թագավորություն, մի՛ իշխանություն, արարիչ տեսանելիների և անտեսանելիների:
Հավատում ենք սուրբ Եկեղեցուն և մեղքերի թողությանը՝ սրբությունների հաղորդությամբ:
Հավատում ենք, որ Երեք Անձերից Մեկը՝ Հորից նախքան հավիտյանները ծնված Բանն Աստված, ժամանակի մեջ իջավ Աստվածածին Կույս Մարիամի մեջ և նրա արյունից վերցնելով՝ միավորեց Իր աստվածության հետ: Ինն ամիս մնալով անարատ Կույսի արգանդում՝ կատարյալ Աստվածը եղավ կատարյալ մարդ՝ հոգով, մտքով ու մարմնով, մի անձ, մի դեմք և միավորված մի բնություն: Աստված մարդացավ առանց փոփոխության ու այլայլության. անսերմ հղություն, և անապական ծնունդ: Ինչպես սկիզբ չունի Նրա աստվածությունը, այդպես էլ անվախճան է Նրա մարդկությունը «Քանզի Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան» (Եբր. 13։8):
Հավատում ենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս շրջել է երկրի վրա: Երեսուն տարեկան դառնալով՝ եկել է մկրտվելու, Հայրը վկայել է. «Դա՛ է Իմ սիրելի Որդին», իսկ Սուրբ Հոգին աղավնակերպ իջել է Նրա վրա: Փորձվել է սատանայից և հաղթել նրան: Փրկություն է քարոզել մարդկանց: Մարմնով աշխատել է, հոգնել, քաղցել և ծարավել: Ապա կամովին եկել է չարչարվելու, խաչվել է և մարմնով մեռնելով հանդերձ՝ աստ-
վածությամբ մնացել կենդանի: Մարմինը՝ աստվածության հետ միավորված, դրվել է գերեզմանի մեջ, իսկ հոգով ու աստվածությունից անբաժան`իջել է դժոխք, հոգիներին քարոզել, դժոխքն ավերել և հոգիներն ազատագրել: Երեք օր հետո մեռելներից հարություն է առել և աշակերտներին հայտնվել:
Հավատում ենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս այդ նույն մարմնով Համբարձվել է երկինք և նստել Հոր աջ կողմում: Բայց և գալու է այդ նույն մարմնով և Հոր փառքով՝ դատելու ողջերին ու մեռյալներին, ինչը նաև բոլոր մարդկանց հարությունն է:
Հավատում ենք նաև գործերի հատուցմանը. արդարներին կյանք հավիտենական, և մեղավորներին՝ տանջանք հավիտենական:

Գրաբարը տե՛ս այստեղ, էջ 575-576։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել