Երգչուհի Սիլվա Հակոբյանն ու երգիչ Ազատ Հակոբյանը զուգերգ են ձայնագրել։ Երգիչներն իրենց «Մի պատմության» տեսահոլովակը հանդիսատեսին կներկայացնեն մի քանի ժամից։ BlogNews.am-ի հետ զրույցում Սիլվան մի շարք բացահայտումներ է արել համագործակցության վերաբերյալ։)
«Ազատին ճանաչում եմ դեռ այն ժամանակվանից, երբ առաջին քայլերս էի անում երգարվեստում։ Նա վաղուց էր առաջարկել, որ զուգերգ կատարենք, սակայն ես երկար տարիներ սկզբունքորեն չէի կատարում որևէ զուգերգ։ Թեև առաջարկները շատ էին, ցանկանում էի սոլո կատարումներով ներկայանալ»,- ասաց երգչուհին ու հավելեց, որ նախորդ տարի իր և Սարգիս Ավետիսյանի՝ տանեցիներից թաքուն ձայնագրած զուգերգը՝ «Ալոն», կոտրել է այս կարծրատիպը։ «Քանի որ կարծրատիպն արդեն կոտրված էր, այս առաջարկը ևս ընդունեցի»,- ասաց երգչուհին։
Երգի հեղինակը Մանե Հակոբյանն է, գործիքավորումը՝ Կարեն Սևակինն է։ Սիլվայի փոխանցմամբ՝ երգը տառապյալ սիրո մասին է, սակայն տեսահոլովակն ուրախ ավարտ ունի: Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է։ Նկարահանումները տևել են 2 օր՝ մինչ լուսաբաց։
«Երբ իմացա սյուժեն, ինձ համար մի փոքր բարդ էր պատկերացնել, որ կարող եմ խաղալ, առաջարկեցի՝ դերասաններ լինեն, սակայն Արթուրն ասաց, որ հավատում է մեր ուժերին ու պնդեց, որ մենք խաղանք։ Ինձ համար բարդ էր այնքանով, որ դերը դեպրեսիվ էր. ինձ համար շատ դժվար էր լինել բաժանված կին։ Կային նաև կուրության ու հիվանդանոցային տեսարաններ։ Չէի պատկերացնում, որ կարող եմ խաղալ, որովհետև հուզական մարդ եմ, թեկուզ պատգարակի վրա պառկելը դժվար էր»,- ասաց նա։ Ըստ Սիլվայի՝ տեսահոլովակների ընթացքում արդեն հմտացել է ու կարողացել խաղալ այդ դերը։



Ամալյա Հովհաննիսյան



