Ա Ր Յ Ո Ւ Ն Ո Տ  Լ Ո Ւ Ս Ա Բ Ա Ց Ե Ր

1944 թ. ռազմաճակատներում Խորհրդային բանակի հարձակողական գործողությունների բուռն տարի էր: Առաջին հայացքից թվում էր, թե պաշտպանության ժամանակ զինվորները խրամատներում ու բլինդաժներում պետք է ավելի հանգիստ ու ապահով զգան իրենց: Գուցե զարմանալի է, սակայն այդպես չէ: Հարձակողական ակտիվ գործողություններին ընտելացած զինվորներն ու սպաները ձանձրացել էին խրամատային անգործուն, միապաղաղ առօրյայից, անորոշ սպասումներից և միշտ հարցնում էին` երբ ենք առաջ շարժվելու:
Մայիսին Գերագույն Գլխավոր հրամանատարության Ռազմակայանը հաստատեց Բելոռուսիայի ազատագրման հարձակողական գործողությունների պլանը` «Բագրատիոն» կոդային անվան տակ, որը նախատեսնում էր առաջին փուլում ջախջախել գերմանացիների թևային խմբավորումները, ապա բոլոր ուժերը կենտրոնացնել Վիտեբսկի և Բոբրույսկի ուղղությամբ: Առաջին Մերձբալթյան ռազմաճակատն առաջադրանք էր ստացել շրջապատել ու ջախջախել Վիտեբսկի ֆաշիստական զորամասը և հարձակումը զարգացնել դեպի Լիտվայի և Լատվիայի հարավ-արևելյան սահմանները: Ապա 3-րդ Բելոռուսական ռազմաճակատի հետ միասին ոչնչացնել ֆաշիստական «Կենտրոն» զորախումբը և մեկուսացնել «Հյուսիս» զորախումբը:

Հունիսի երկրորդ կեսին մեր զորամասերը հրաման ստացան դուրս գալ պաշտպանական դիրքերից և շարունակել հարձակողական գործողությունները` Վիտեբսկ-Լեպել ուղղությամբ: Այդ ժամանակ մեր բանակի հրամանատարն էր Խորհրդային միության հերոս, գեներալ լեյտենանտ Ա. Պ. Բելոբորոդովը: Բոլոր զորամասերում տարածվեցին կայծակ-թերթիկներ` բացատրելով այդ հարձակման նշանակությունը, որը պետք է ձախող էր Վիտեբսկ-Պոլոցկ երկաթուղիով և խճուղիով իրենց կենդանի ուժն ու տեխնիկան դուրս բերելու ֆաշիստների մտադրությունը:

Հենց այդ ժամանակ էլ մենք իմացանք, որ Արևմտյան Դաշնակիցները հազիվ հազ վաղուց սպասվելիք դեսանտ են իջեցրել Հյուսիսային Ֆրանսիայում և վերջապես բացել երկրորդ ռազմաճակատը: Սովետական զորքերի հաղթական առաջընթացն այնքան ակնառու էր, որ դաշնակիցները չէին կարող անտարբեր մնալ: Պատահական չէր, որ դաշնակիցների առաջին մարտական գործողություններից հետո, Ամերիկյան բանակի շտաբի պետ գեներալ Մարշալը խոստովանեց. «Առանց Կարմիր Բամակի հաջող գործողությունների, ամերիկյան զորքերը ի վիճակի չէին լինի դիմակայել ագրեսիային, և պատերազմը կտեղափոխվեր ամերիկյան մայր ցամաք»՚:

Հատված իմ` «Ուր են տանում կածանները» գրքից

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել