ԵՐԵՎԱՆ – Կառավարությունը երեքշաբթի հրավիրած արտահերթ նիստում որոշեց լուծում տալ անհետաձգելի առողջապահական հարցերի ֆինանսական խնդրին: Սույն տարվա սեպտեմբերից սոցիալապես անապահով խավերը վերջապես կստանան աջակցություն քթի և շուրթերի էսթետիկ բարեփոխման հարցում:
«Վիճակն անմխիթար էր արդեն քանի տարի. քանի որ անապահով խավը եկամուտի 70%-ը ծախսում է սննդի վրա, ապա գումար չի մնում շրթունքների հաստացման և քթի նվազեցման համար», – բացատրում է կառավարության ճգնաժամային ծախսերի պատասխանատու Արտյոմ Բամբինյանցը: – «Այդ ընթացքում ապահով խավը լավ ուռացրել է պռոշները և ոչ միայն, ինչի արդյունքում դարձել է ավելի գրավիչ, իսկ դրա արդյունքում մեծացել է հարուստների և աղքատների միջև անջրպետը»:
Կառավարության ներկայացուցիչը բացատրում է նաև, որ ավելի հաստ շրթունքները թույլ կտան ավելի համոզիչ աղոթել տնտեսության հզորացման համար: Դա համահունչ է երկրում մեծ թափ ստացած եկեղցաշինության գործին:
«Ամեն տարի միլիոնավոր դոլարներ են ծախսվում նոր շքեղ և հարուստ եկեղեցիներ կառուցելու վրա, մինչդեռ աղոթողների մեծ մասը գալիս են անապահով խավերից` իրենց խոսքը առ Աստված հասցնելով այդ բարակ ու անտպավորիչ շուրթերով», – նշում է Բամբինյանցը: – «Նման շուրթերով չեմ պատկերացնում, որ Աստված լուրջ ընդունի այդ աղոթքը»:
Մյուս տարվանից նախատեսվում է նաև իրականացնել ծրագրի երկրորդ փուլը` անհետաձգելի կրծքերի մեծացման պլաստիկ վիրահատություններ երիտասարդների համար: Կառավարությունը բացատրում է, որ դա պետք է խրախուսի ամուսնությունները և զբոսաշրջությունը:
«Ես ինքս ամուսնացել եմ միայն սադրիչ չափերի ծիծիկների խաթր», – բացատրում է կառավարությունը: – «Պետք է խրախուսել ժողովրդագրական բումը: Բնականաբար մենք ամեն ինչ կանենք ողջամիտ սահմաններում` կօգնենք նախ առաջին չափի մեր քաղաքացիներին (հիմնականում իգական սեռի): Նրանց կհասցնենք երկրորդ չափի: Իսկ ապագայում, եթե բյուջեն թույլ տա, արդեն կփորձենք երկրորդներին դարձնել երրորդ կամ նույնիսկ չորրորդ»:
Վերջին նախաձեռնությունը ողջունել է նաև տուրիզմի զարգացման կենտրոնի տնօրենը: «Դա շատ լավ է տուրիզմի զարգացման համար: Զբոսաշրջիկներին գրավում են ոչ միայն մեր լեռները, անիմսատ բլուրները, այլև… այլ կարգի բլուրներ, որոնք կընդգծեն մեր ազգային լանդշաֆտի գեղեցկությունը», – բացատրում Անատոլի Ծիծնբերգը:
Հավանության շարքը եզրափակել է Երևանի քաղաքապետարանը, որը վստահեցրել է, որ ավելի մեծ ծիծիկները կընդգծեն նաև քաղաքի թամանյանական պատկերը: «Թամանյանի գծագրով Երևանը նախատեսված է միջինից բարձր չափի կրծքերով կանանց համար: Այնպես որ այս քայլը մաեստրո Թամանյանի սրտով կլիներ», – ասաց քաղաքապետարանի դիզայնի բաժնի պետ Վլադլեն Ամադունցը: