Հիշում եմ, երբ առաջին անգամ ոտք դրեցի թատերական ինստիտուտ ու տեսա բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ համար միֆական կերպարներ էին, մարդիկ, որոնց տեսել էի բեմի վրա կամ էկրանից: Հիացած էի, մանավանդ, երբ բարևեցի Սոս Սարգսյանին ու նրանից պատասխան `Բարև ու մի ջերմ ժպիտ ստացա: Զուսպ, հանճառեղ մարդու հանճառեղ ժպիտ էր...Հետո ուրիշ դերասաններ, ռեժիսորներ, հազար ու մի բարևներ, հանդիպումներ, հետաքրքիր դասեր ու զրույցներ:
Մի անգամ էլ լուսահոգի դասախոսներիցս մեկն ինձ հարցրեց."Կցանկանայիր որևէ ճանաչված արվեստագետի անմիջապես ճանաչեիր?"...Մի քիչ մտածելուց հետո հասկացա, որ երբեք չէի ցանկանա, որովհետև, ըստ իս, այդ դեպքում կորչում է մի կարևոր բան` հրաշքի զգացողությունը:Մի քանի տարի անցավ այդ օրվանից, և ես մեկ այլ բան էլ հասկացա, որ արվեստագետները, մանավանդ դերասանները իսկական երեխաներ են: Նրանց պետք է սիրել, խնայել, բացասական հոդվածներ չգրել և չփորձել "կոտրել" նրանց: Հիմա կասեք` բոլոր մարդիկ են այդպիսին: Իհարկե, համամիտ եմ, բայց հավատացեք, արվեստագետներն կրկնակի, եռակի նուրբ արարածներ են: Նրանք կարող ենք խաղալ, զվարճանալ, անչափ սիրել, հետո մոռանալ ամեն ինչ, հուզվել, դեմ դուրս գալ իրենց երկար տարիներ շոյողին ու իրենց դեր տվողին /հիշենք պատմությունները կապված Էֆրոսի, Աճեմյանի, Լյուբիմովի հետ/: Հա, հենց այդպիսին են, մի քիչ /ներեցեք բառիս համար /անշնորհակալ, մի քիչ մոռացկոտ, միամիտ ու խենթ: Բայց և փխրուն, թափանցիկ, ինչպես լավ փայլեցրած թանկարժեք ապակյա զարդ, կամ քանդակ, որն անզգույշ վերաբերմունքի դեպքում կարող է բախվել հատակին` տարածելով բեկորները:
Բա ոնց են հալչում, երբ որ սկսում ես գովեստի խոսքեր շռայլել, շատերը գիտակցում են, որ դիմացինը գուցե և շողոքորթելու նպատակ ունի, բայց այնուամենայնիվ, առանց սիրո, առանց ծափերի նրանք մե-ռած-եեեեն....
Ինչու եմ այքան ծավալվում? Մի քանի օր առաջ նայում էի Արտակ Ալեքսանյանի հարցազրույցներից մեկը, որի հյուրն էր դերասանուհի Վիոլետ Գևորգյանը: Տեսնեիք` ինչպես էր համոզում, որ իրենից լավը չկա, որ իր պես նույնիսկ Ջուլիա Ռոբերթսը չի կարող խաղալ, ինչպես էր երազում, որ իրեն Հայաստան ետ կանչեն: Ճիշտ է, մի փոքր պոռթկուն էր խոսքը, երբեմն վանող թվացյալ մեծամտությամբ, պահանջներով, ցանկությամբ, բայց ախր ով գիտի դերասանի բնույթը, շատ լավ կհասկանա` ինչ է նշանակում կտրվել հանդիսատեսից, ծաղիկներից ու ծափերից: Գիտեք` մոռացված դերասանը ինձ Չեխովի Ֆիրսին է հիշեցնում`փոշոտված, միայնակ ու մոռացված: Այլ բան է նկարչի, գրողի, քանդակագործի կյանքը: Նրանք անքուն են, եթե մուսա չկա կողքներին, եթե գինի ու ստեղծագործելու, ներշնչվելու աղբյուր չկա: տարիներով կարող են փակվել արվեստանոցում, ապա մի օր դուրս գալ ու դարերով մնալ բարձունքին: Իսկ կատարողական արվեստի ներկայացուցիչների կյանքն իսկապես որ սարսափելի է: Շատերդ գուցե հիշեցիք Կալլասին, կամ Կարավաևային, ես էլ...
Վերադառնալով հարցազրույցին` ասեմ, որ այնուամենայնիվ նրա արցունքները տխրեցրին ինձ: Հասկանալի էր, որ ապրում է օտար երկրում, զգում է իրեն օտար և ընկճված և չի կարողանում դրևսորվել որպես դերասանուհի: Ենգիբարովն ասում էր` պետք չէ նեղացնել մարդուն, որովհետև գուցե նա Մոցարտն է , կամ մեկ այլ հանճարեղ մարդ, ով դեռ չի հասցրել ինքնադրսևորվել: Ես ել խնդրում եմ բոլորիդ ու մանավանդ լրագրողներին, մի նեղացրեք արվեստագետներին` շնորհալի, թե հանճարեղ, երիտասարդ, թե ծեր: Նրանք սովորական մարդկանց պես չեն բավարարվում մեկ "արևով" և հավանաբար սիրում են Վան Գոգի կտավները....



