Երեկ եկեղեցի էի գնացել: Ինչպես հաճախ՝ արդեն ուշացել էի ժամերգությունից, և ինչպես միշտ՝ ուղղակի նստել էի եկեղեցու սրահում, իմ տարօրինակ մտքերի մեջ, ինքս ինձ առնելով-տալով, խորհելով "աշխարհի բանը": Բան ու գործիս անունն ինչ է? 
Բանը դասավորվել էր այնպես, որ իմ կողքին նստած էր մի տատիկ՝ ամբողջովին ալեհեր, մի քիչ կորացած, ձեռքին՝ ցորենի հասկերի մի քանի պուճուր կապոց, լուռ ու ներփակ, իսկ ետևում՝ մեկ ուրիշ տատիկ՝ իր փոքրիկ թոռնիկի հետ: Վերջինս բավականին աշխույժ երեխա էր երևում, անընդհատ տալիս էր հացրեր, զվարթ-զվարթ մենախոսում, տեղը տեղին դատողություններ անում եկեղեցու, հայի, թուրքի և այլնի մասին: 
Երբ վերջիններս արդեն վեր կացան գնալու, իմ կողքի տատիկը շրջվեց և հարցրեց թոռնիկի հետ եկեղեցի եկած տատիկին.
- Ներողություն, երեխան քանի տարեկան է? 
Մյուս տատիկն, անակնկալի եկած. 
- Չորս: Իսկ ինչ կա որ? 
- Հա, Աստված պահի, - ժպիտով պատասխանեց առաջին տատիկը, - ոչ մի բան, ամեն ինչ հրաշալի է, շատ խելացի երեխա է երևում, միայն թե... խնդրում եմ՝ կարիք չկա, որ չորս տարեկան երեխան իմանա, որ թուրքերը մեր եկեղեցիները քանդել են, մարդկանց լցրել եկեղեցիները վառել են, և այլն....
Երկրորդ տատիկն, արդեն ավելի քան անակնկալի եկած, այլև ուղղակի զայրացած.
- Տելեվիորից ա լսել... Հիմի երեխան պտի իմանա, իր պապերին ինչ են արել...
Առաջին տատիկը շարունակեց համբերատար, բայց արդեն մի քիչ հուսահատ տոնով. 
- Սիրելիս, այդ տարիքում նման բաներ երեխայի մեջ մի մտցրեք: Ատելութուն եք սերմանում, զոհի կոմպլեքսով կմեծանա..
..
- Հա, բա հենց պտի ատելություն մտի, - երկերոդ տատիկ արդեն նյարդայնանում էր, ձայնում ագրեսիվություն էր նշմարվում, - որ չատի, ոնց պտի կռվի թուրքի դեմ...? Պտի մանկուց ատի թուրքին, քուր ջան, իմ թոռը պտի հայրենասեր երեխա մեծանա.... 
Ու գնաց թոռան հետ: 
Առաջին տատիկն, իր արածից փոշման մարդու վհատ տեսքով, կրկին դեմքով շրջվեց դեպի խորանն ու նստած մնաց նույն դիրքով երկար ժամանակ՝ ձեռքից ձեռք փոխելով ցորենի հասկերի մի քանի փոքրիկ կապոցները: 
.... 
Սա իրական, աննշան դիպված էր, որը տեղի ունեցավ երեկ, և ինձ կրկին ստիպեց այսօր գրել. 
- Մի՛ կաթեցրեք ատելության թույնը ձեր փոքրիկ, շատ փոքրիկ երեխաների հոգում. դուք դրանով նրանց դատապարտելու եք զոհի կոմպլեքսի, այդ պատճառովտուժելու է նրանց՝ իրականության ընկալման ադեկվատությունը, նրանք չեն ձևավորելու կրիտիկական վերաբերմունք, հեշտորեն տրվելու են "Ստամբուլն արյան ծով" իդեալոգիայի քարոզին, և այլն, և այլն... 
Եվ ուղղակի չի՛ կարելի վաղ մանկության լուսավոր հոգեաշխարհը պղտորել այդօրինակ քարոզով, որն առաջացնելու է միայն վախ, ատելություն, չարություն.... Թողեք երեխաներին՝ հանգիստ ապրեն իրենց մանկությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել