Նայելով այս կարմրաթուշ երկվորյակներին՝ դժվար թե որևէ մեկը կռահի, որ նրանք հրաշքով են փրկվել մահից։ Ռոզի և Ռուբի Ֆորմոզաները ծնվել են իբրև սիամական երկվորյակներ։
Աղջիկների մայրը՝ տիկին Անջելա Ֆորմոսան, հղիության 16-րդ շաբաթում էր, երբ ուլտրաձայնային հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ նա իր սրտի տակ կրում է սիամական երկվորյակների։
Նա ու իր ամուսին Դանիելը, ով աշխատում է իբրև տաքսու վարորդ, չէին ցանկանում ընդհատել հղիությունը։ Նրանք ունեին մի առողջ դուստր ու նախքան հետազոտությունը չէին էլ կասկածում, որ երկրորդ հղիությունից էլ է առողջ երեխա ծնվելու։ Բժիշկները հայտնեցին նրանց, որ աղջիկների փրկվելու շանսը չնչին էր։ Առհասարակ 200,000 ծնունդներից մեկն է սիամական երկվորյակ լինում, և, ցավոք, սիամական երկվորյակների միայն հինգ տոկոսն է ողջ մնում։
Աղջիկների մայրը նշել է.
Մենք իմացանք, որ սիամական երկվորյակներ ենք ունենալու։ Այդ լուրը մեր կյանքի ամենամեծ շոկն էր։ Ես լսել էի սիամական երկվորյակների մասին, սակայն մտքիս ծայրով էլ չէր անցել, որ ես կարող էի սիամական երկվորյակ ունենալ։ Ես հղիության ողջ ընթացքում նյարդային էի, սակայն փորձում էի հնարավորինս հանգիստ պահել ինձ։
Փոքրիկները ծնվեցին սերտաճած որովայնով 2012 թ. հուլիսին, ինչի պատճառով էլ նրանց աղիքներն ընդհանուր էին։ Երեխաները ծնվել էին կեսարյան հատման ճանապարհով։ Երբ նրանց մայրն արթնացավ ու լսեց նորածինների լացը, նրա անհանգստությունը մի փոքր մեղմվեց, սակայն կարճ ժամանակով։ Փոքրիկների ծնվելուց անմիջապես հետո նրանց տեղափոխեցին Գրեյթ Օրմոնդի հիվանդանոց՝ վիրահատության միջոցով աղջիկներին իրարից առանձնացնելու նպատակով։ Վիրահատությունը բավականին վտանգավոր էր, սակայն աղջիկների կյանքն այսպես թե այնպես վտանգի տակ էր։ 15 բժիշկներից կազմված թիմը 5 ժամանոց վիրահատություն կատարեց, որը բարեհաջող ավարտ ունեցավ։
Հիշելով այդ ճակատագրական պահերը՝ Անջելան ասել է.
Տեսնելով նրանց փոքրիկ մարմինները ոչ թե մեկ, այլ երկու բարուրների մեջ՝ ես երջանկությունից արտասվեցի։
|
|
Աղջիկների մայրը՝ 34-ամյա Անջելան, պատմելով հետվիրահատական շրջանի մասին, ասել է, որ վիրահատությունը միայն ֆիզիկապես է բաժանել նրանց, սակայն նրանց հոգևոր կապն այնքան ամուր է, որ նրանք իրարից անբաժան են։
Ուր էլ որ նրանք լինեն, նրանցից յուրաքանչյուրը պետք է անպայման իմանա, թե որտեղ է իր զույգ քույրը։ Անգամ մանկապարտեզում, որտեղ նրանք շրջապատված են իրենց փոքրիկ ընկերներով, նրանցից յուրաքանչյուրը հաճախ նայում է շուրջբոլորը՝ համոզվելու համար, որ քույրը մոտակայքում է։
Աղջիկները որոշել են միշտ նույն կերպ հագնվել։ Սա նրանց անձնական որոշումն է եղել։ Օրինակ, եթե Անջելան առաջինը Ռուբիին է հագցնում, Ռոզին վազում է դեպի զգեստապահարանը և այնտեղից հանում հենց այն հագուստը, որ Ռուբին է հագնում։
Երբ վիրաատությունից հետո նրանց տուն բերեցին, նրանք անընդհատ դեպի իրար էին ձգտում։ Մի փոքր մեծանալուց հետո նրանք սկսեցին չոչ անելով հետևել իրար տան մեջ։ Նրանց մայրիկն ասում է, որ սովորաբար Ռոզին է առաջինն ինչ-որ նոր բան սովորում (օրինակ՝ խոսել, քայլել), սակայն դեռ մի շաբաթ էլ չանցած՝ Ռուբին հետևում է քրոջ օրինակին։ Իսկական հրաշք է, որ երկու փոքրիկներն էլ փրկվել են ու առողջ բալիկներ են մեծանում, այնքան առողջ, որ երկու-երկու ճնշում են իրենց ավագ քույր Լիլիին ու խլում նրա խաղալիքները։