Այսօր էլեկտրոնային մամուլում տարածում գտավ «Հայ 10 ամենախարդախ ու կեղծարար աստղերը» վերտառությամբ մի հրապարակում, ըստ որի՝ հայ հայտնիներից շատերը կեղծում են իրենց տեսահոլովակների դիտումները «Youtube»-ում: «Կեղծարարների» ցանկում էր ներկայացված նաև երգչուհի Սիլվա Հակոբյանը:

BlogNews.am-ի հետ զրույցում նրա էջերի ադմինիստրատոր Արմեն Ասրյանն ասաց, որ տևական ժամանակ է, ինչ զբաղվում է Սիլվայի էջերով և որևէ կեղծարարություն չի եղել: Արմենի խոսքով՝ իրավասու չէ բացահայտելու Սիլվայի էջի դիտելիությունը, այնուամենայնիվ, նա նշեց, որ «Շնորհավոր» երգի տեսահոլովակի պրեմիերայից մի քանի օր անց երգչուհու էջում օրական միջինը 20 հազար դիտում է լինում:

«Եթե անգամ, որևէ հայտնի մարդու էջում կեղծարարություն լինի, տեսականորեն հնարավոր չէ դա պարզել, քանի որ «Youtube»-ն ապահովում է գաղտնիությունը: Մարքեթինգային ընկերությունների մոնիթորինգները զուտ մոտավոր բնույթ են կրում և չեն կարող հստակ լինել»,- ընդգծեց նա:

Արմենը դժվարացավ ասել, թե ինչու են որպես կեղծ դիտումներ ունեցած տեսահոլովակ առանձնացրել «Dont Apologize»-ը՝ նշելով, որ հարցին կարող է պատասխանել միայն նյութի հեղինակը: Նշենք, որ սա նույնիսկ Սիլվայի ամենադիտված տեսահոլովակը չէ: «Այն ունեցել է 714.097 դիտում, որը հավաքվել է 2 տարվա ընթացքում, ոչ թե մեկ օրում, ինչը կարող էր լինել, եթե դիտումները լցված լինեին: Երգչուհու ամենադիտված տեսահոլովակն իր պաշտոնական ալիքում եղել է «Նորահարսիկը», որն  ունեցել է 1.698.060 դիտում»,- ասաց նա ու ավելացրեց, որ տեսահոլովակները տեղադրված են նաև այլ էջերում, որտեղ որոշ դեպքերում ունեցել են ավելի շատ դիտումներ:

Սիլվա Հակոբյանի հայրը՝ Հակոբ Հակոբյանը, ով նաև երգչուհու պրոդյուսերն է, BlogNews.am-ին ասաց, որ նյութում գրված է, թե մասնագիտական վերլուծություն է արվել, ուստի՝ ինքն այդ մասնագետին հրավիրում է ապացույցներ ներկայացնելու: «Եթե նա ապացուցի, որ Սիլվայի էջում 1 դիտում կամ լայք կեղծ է, ես ներողություն կխնդրեմ և կփակեմ Սիլվայի բոլոր պաշտոնական էջերը»,- ընդգծեց երգչուհու հայրը:

Ամալյա Հովհաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել