Լևոն Հարությունյանի, Անդրանիկ Հարությունյանի, Արտաշես Մխիթարյանի, Արսեն Սաֆարյանի, Լիլիթ Քոչարյանի, Տիգրան Բերբերյանի ու այլ դերասանների մասնակցությամբ «Երազանք 19:27» ֆիլմի պրեմիերան կայացավ, թեև գլխավոր դերասանները՝ Անդոն ու Արտաշեսը, չէին եկել ֆիլմի փակ դիտմանը:

Ֆիլմի ցուցադրությունից հետո ռեժիսոր Դավիթ Սիմոնյանը BlogNews.am-ին հայտնեց, որ պատրաստվում են որոշակի փոփոխությունների ենթարկել այն: «Այսօր փակ դիտում էր, և հանդիսատեսի արձագանքների հիման վրա կկառուցվի ֆիլմը: 2 օրից այն կլինի մեծ էկրաններին»,- նշեց Դավիթը:

Այս ֆիլմում Արսեն Սաֆարյանն առաջին անգամ էր ներկայանում որպես դերասան: Նա նշեց, որ ֆիլմն իրեն դուր է եկել: «Ֆիլմի խնդիրն էր ստեղծել բարի, հետաքրքիր, ընտանեկան պատմություն, որը կարող է լինել, թեև իմ դերի միջոցով այն մի փոքր ֆանտաստիկ է դառնում: Կարծում եմ՝ ստացված է, և դիտողները բարի էմոցիաներ կստանան»,- ասաց նա ու հավելեց, որ իր համար հետաքրքիր էր դիտել այս ֆիլմը մի քանի պատճառով՝ նախ՝ ինքն առաջին անգամ է նկարահանվել, բացի այդ՝ հետաքրքիր էր ֆիլմի ընդհանուր զարգացումները, ավարտը:

Դերասան Լևոն Հարությունյանն էլ ասաց, որ միշտ չի կարողացել կարծիք ասել այն ֆիլմերի մասին, որտեղ մասնակցություն է ունեցել: «Եթե ունենամ էլ կարծիք, վախենում եմ ասել: Միայն կարող եմ նշել, որ ֆիլմը մի քիչ երկար էր»,- ասաց դերասանը: Մինչ ֆիլմի դիտումը նա ասել էր, որ առաջարկն իրեն գրավել է, երբ ստեղծագործական կազմն ասել է, որ ցանկանում են ուսուցողական մի բան ստեղծել, իսկ կոմերցիան իրենց չի հետաքրքրել: Հարցին՝ իր համար ի՞նչն էր ֆիլմում ուսուցողական, Լևոնը դժվարացավ պատասխանել:

 Ամալյա Հովհաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել