Հայտնի դառնալը բարդ գործ չէ. ստրատեգիական ճիշտ քայլերի դեպքում յուրաքանչյուր ոք կարող է կարճ ժամանակում դառնալ «աստղ»։ Առավել բարդ է պահել այն սանդղակը, որին նա հասել է։ Հայկական շոու բիզնեսում աստղեր ծնվում են ամեն օր, սակայն նրանցից քչերն են պահպանում հայտնիությունը։ Սրա համար մի քանի պատճառ կա. նախ՝ հայտնիների զգալի մասը, հասնելով որոշակի բարձունքի, «արխային» է լինում, որ ունի երկրպագուների մեծ բանակ, ու ոչինչ չի սպառնում իրեն. հենց այդտեղ էլ կատարվում է անսպասելին։ Մյուսների դեպքում երկրպագուները մեծանում են և ապրում սեփական կյանքով։ Պատմությունները տարբեր են։ Որոշեցի առանձնացնել 10 հայտնի մարդու, ովքեր ժամանակին ունեին մեծ լսարան, սակայն նրանց ռեյթինգն այլևս առաջվանը չէ։
Արամեն ժամանակին ամենապահանջված հայ երգիչն էր, սակայն ժամանակը նրա դեմ աշխատեց, իսկ անկումը «ցավոտ» էր. նրա տապալված համերգը սև բիծ թողեց երգչի կարիերայի վրա։ Շատերն Արամեի ռեյթինգի անկումը կապում են նրա կողակցի՝ Աննա Թովմասյանի հայտնիությամբ, սակայն եթե հաշվի առնենք, որ Աննայի հանդեպ բավականին մեծ հետաքրքրություն կա, կարելի է ֆիքսել, որ սա ուղղակի համընկնում էր։
Ժամանակին աղջիկներն Անդրեի համար գլուխ էին կոտրում և շապիկներ պատռում։ Երգիչն իր բարձունքում էր, սակայն ժամանակի ընթացքում նրա աստղն էլ մարեց, մոլի երկրագուները մեծացան, սկսեցին ապրել սեփական կյանքով, իսկ Անդրեի ստեղծագործական գործունեությունն այժմ քչերին է հետաքրքրում։ Հիմա նա հմուտ պրոդյուսեր է, ինչն ապացուցեց «Xfactor»-ի շրջանակներում։
«Դժվար ապրուստի» ժամանակ Միհրան Ծառուկյանի վարկանիշի թռիչքային աճը, թերևս, անակնկալ էր հենց իր համար։ Երգիչը, սակայն, չկարողացավ սերիալի ավարտից հետո պահպանել բարձր վարկանիշը։ Եթե լրատվամիջոցները որպես պահանջվածության հայելի դիտարկենք, կտեսնենք, թե որքան քիչ հետաքրքրություն էին առաջացնում նրա մասին նյութերը «Դժվար ապրուստից» հետո։ Միհրանի անունը մնաց որպես աղջիկների սիրելի, սակայն նրա երկրպագուների բանակը շատ արագ նոսրացավ։ «Ֆուլ հաուսում» նկարահանվելուց հետո Միհրանը կրկին հայտնվեց հանրության հետաքրքրության կենտրոնում, սակայն նախկին ռեյթինգն արդեն անցյալում է։
Երգիչ Արսեն Սաֆարյանն ու իր հոլիվուդյան ժպիտը ժամանակին կարող էին մեծ աժիոտաժ առաջացնել՝ չնայած Արսենն ամուսնացած էր ու ուներ իր ընտանիքը։ Այժմ հանրությունը դադարել է հետաքրքրվել նաև Արսեն Սաֆարյանի գործունեությամբ։
Հասմիկ Կարապետյանը Հայաստանի ամենապահանջված երգչուհիներից մեկն էր, սակայն տարիների ընթացքում նրա ռեյթինգն ընկավ։ «Արմենիա» հեռուստաընկերության առավոտյան ծրագրի «Խոհանոցը» վարելը մեծ հարված հասցրեց Հասմիկի իմիջին։ Այժմ նրա մոտ ստեղծագործական պասիվ շրջան է, սակայն ժամանակ առ ժամանակ ներկայացված նորություններն էլ առանձնապես աժիոտաժ չեն առաջացնում։
Երգահան Արսեն Գրիգորյանը, ով ժամանակին հեղինակում էր հայկական շոու բիզնեսի երգերի զգալի մասը և ուներ երկրպագուների բավականին լայն զանգված, այսօր ստվերում է ոչ միայն գործունեության, այլև երկրպագուների հետաքրքրության առումով։
«Բանակում» և «Քաղաքում» հեռուստասերիալներում Մխոյի դերակատար Հովհաննես Դավթյանի մուտքը բավականին մեծ հետաքրքրություն առաջացրեց։ Հեռուստադիողներից շատերը դժվարությամբ էին հավատում, որ դա նույն տղան է, ով խաղում էր «Արմենիա» հեռուստաընկերության մանրապատումներում։ Հովհաննեսի ռեյթինգը, սակայն, որքան արագ բարձրացավ, այնքան արագ էլ ընկավ։ Տարիներ շարունակ նույնատիպ ներկայանալը հոգնեցրեց լսարանին։
Նույն ճանապարհն էր սպասվում նաև դերասան Էմիլ Գալստյանին։ «Բանակում» և «Քաղաքում» հեռուստասերիալներում Համբարձումի կերպարը նրան բերեց մեծ սեր և ճանաչում, սակայն տարիների ընթացքում այդ կերպարն էլ հոգնեցրեց մարդկանց։
Սոֆի Մխեյանը ժամանակին բավականին շատ էր աշխատում և ուներ երկրպագուների իր բանակը։ Սակայն այժմ լսարանին ավելի հետաքրքիր են նրա անձնական նորությունները, հանգստի լուսանկարները, քան գործունեությունը։ Սոֆիի վերջին տեսահոլովակն ընդամենը 171 հազար դիտում է ունեցել, ինչն առանձնապես մեծ ցուցանիշ չէ։
Հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանը ժամանակին ամենուր էր. վարում էր տարբեր հաղորդումներ ու համերգներ, գրում էր հայկական էստրադայի երգերի զգալի մասի խոսքերը և ուներ մեծ պահանջարկ։ Այսօր Ավետ Բարսեղյանի գործունեությունը ևս քչերին է հետաքրքրում։ Նրան անունը կթնդա, թերևս, միայն սկանդալների կամ անձնական նորությունների դեպքում։