Կանադական մի թերթի տեղեկության համաձայն՝ հետազոտողներից մի քանիսը հայտնում են, որ «թվային տեխնիկան՝ բջջային հեռախոսներից մինչև լուսանկարչական ապարատներ, էլ. նամակներ, պլանշետներ, փոխում է մեր կյանքը.... Այն արագ արդյունքները, որ բերում է այսօրվա տեխնիկան, մեծացնում է մեր ախորժակը, և մենք ուզում ենք նույնպիսի արագությամբ տեսնել արդյունքներ կյանքի մյուս ոլորտներում» (The Gazette)։
Ընտանեկան հոգեբան դոկտոր Ջենիֆեր Հարթսթեյնը մի քանի լուրջ դիտարկումներ է անում։ Նա բացատրում է. «Մենք ակնկալում ենք, որ ամեն բան արվի արագ, որակյալ և մեր ուզած ձևով։ Երբ այդպես չի լինում, շատ ենք հիասթափվում և դառնում ենք ավելի դյուրագրգիռ, ինչը անհամբերության [նշան] է»։ Նա նաև ավելացնում է. «Մենք կորցրել ենք կյանքի տեմպը դանդաղեցնելու և այդ պահերը վայելելու արվեստը»:
Ոմանք կարծում են, որ շուտով էլ. նամակները կկորցնեն իրենց ճանաչումը և կհամարվեն հնացած բան։ Ինչո՞ւ։ Քանի որ նրանք, ովքեր էլ. նամակներ են գրում, չեն կարողանում համբերել մի քանի ժամ, նույնիսկ մի քանի րոպե, որ պատասխանը ստանան։ Բացի այդ, էլ. նամակ գրելիս ակնկալվում է նախաբան ու եզրափակիչ խոսքեր գրել։ Իսկ շատերը նման ընդունված բաները ձանձրալի և ժամանակատար են համարում։ Նրանք նախընտրում են կարճ հաղորդագրություններ ուղարկել, որոնց դեպքում չի ակնկալվում լրացուցիչ բաներ գրել, ինչպես անում են էլ. նամակ գրելիս։ Թվում է, թե մարդիկ համբերություն չունեն, որ կարողանան ողջույնի գեղեցիկ խոսքեր տպել։ Շատերն էլ ժամանակ չունեն իրենց գրածը ստուգելու։ Եվ արդյունքում նամակները սխալ հասցեատիրոջ են գնում կամ բազմաթիվ քերականական և տպագրական սխալներ են պարունակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել