Գեորգի Վոսկրեսենսկի
Anonymous ֆենոմենը, որը ցանցային հարթությունում ի հայտ եկավ 2000-ականներին, բնորոշում են և՛ որպես հաքերների խումբ, և՛ որպես ինտերնետում խոսքի ազատության համար պայքարի գաղափարախոսություն, և՛ որպես «անարխիական թվային գլոբալ ուղեղ»։ Anonymous-ը նաև տեղեկատվական զենքի տեսակ է, որի առավելությունն այն է, որ շատ դեպքերում դժվար է հասկանալ, թե ով է կիրառել այդ զենքը։ Սակայն 1993թ. ցանցում Anonymous-ի ջանքերով հայտնված Անգելա Մերկելի լուսանկարների պարագայում, որոնցում նա պատկերված է նեոնացիստական երիտասարդականElbterrassen կենտրոնի ակտիվիստների հետ Մագդեբուրգում, նման դժվարություն չի առաջանում1։
Բեռլինն այդ լուսանկարների՝ ցանցում հայտնվելու առիթով հավուր պատշաճի պարզաբանումներ է տվել, բայց կարևորը դա չէ։ Ա.Մերկելի 12-ամյա վաղեմության լուսանկարների հրապարակումը Anonymous-ը նվիրել էր ս.թ. փետրվարի 9-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի հետ Գերմանիայի կանցլերի հանդիպմանը... Հանդիպումը կայացավ Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ Անգելա Մերկելի և Ֆրանսուա Օլանդի մի քանի ժամ տևած բանակցություններից հետո։ Anonymous-ի ջանքերով ինտերնետ նետված լուսանկարների մակագրությունը մտածել էր տալիս՝ արժե՞ արդյոք վստահել տիկին Մերկելին, եթե նա թե՛ ԳԴՀ-ում սոցիալիստական երիտասարդության շարքերում էր եղել, թե՛ եղել էր «Արևելյան Բեռլինի լրտեսը», թե՛ շփվել էր նեոնացիստների հետ, իսկ հիմա էլ, ոչ ավելի, ոչ պակաս՝ Գերմանիայի կանցլերն է։
Տեղեկատվական այս գրոհին նախորդել էր բավական նշանակալի մի իրադարձություն՝ Գերմանիայի կանցլերը դեմ էր արտահայտվել Ուկրաինա մահասփյուռ զենք ուղարկելուն։ Փետրվարի 7-ին անվտանգության հարցերով Մյունխենյան կոնֆերանսում Անգելա Մերկելը հայտարարել էր, թե չի կարծում, որ հավելյալ սպառազինություն Ուկրաինա ուղարկելը հակամարտությունը դադարեցնելու միջոց է, իսկ փետրվարի 9-ին ԱՄՆ և Կանադա կատարած այցերի ընթացքում մի քանի անգամ հաստատել է իր դիրքորոշումը։ Ամերիկայում դրան ամենից շուտ արձագանքեցին Ջոն Մակքեյնը և Վիկտորիա Նուլանդը. առաջինը ԳԴՀ կանցլերի քաղաքականությունը համեմատեց Հիտլերի հանդարտեցման քաղաքականության հետ, իսկ երկրորդը, իր սովորության համաձայն, ցենզուրայից դուրս հայհոյախոսությամբ հանդես եկավ եվրոպական առաջատար տերության կառավարության ղեկավարի հասցեին։
Պետք է ասել, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները վաղուց և մանրակրկիտ տեղեկատվություն են հավաքում, որն այս կամ այն ձևով կարող էին օգտագործել Գերմանիայի կանցլերի դեմ։ Երբ 2013թ. հոկտեմբերին պայթեց սկանդալը Ազգային անվտանգության գործակալության կողմից Ա.Մերկելի հեռախոսները գաղտնալսելու հետ կապված, պարզվեց, որ ԱԱԳ-ն նրան այդ ընթացքում «մշակում» էր ավելի քան տասը տարի։ «Ես չեմ սպասում, որ ԱՄՆ-ը ներողություն խնդրի և չեմ պնդում այդպես անել,- այն ժամանակ ասել էր տիկին կանցլերը՝ հազիվ զսպելով վրդովմունքը։ - Բայց մենք պետք է վերականգնենք վստահության հիմքը։ Միայն խոսքերը բավական չեն։ Փոփոխություններ են պահանջվում»։ Վստահությունը վերականգնելու հորդորը Վաշինգտոնում ականջի կողքով անցկացրին։ Գաղտնալսման հետ կապված սկանդալը կոծկեցին, և ոչ մի փոփոխություն տեղի չունեցավ։
Անգելա Մերկելն առաջինը չէ եվրոպական այն առաջնորդների շարքում, որոնց «ազատամտության» ցանկացած դրսևորում Վաշինգտոնը կասեցնում է առհասարակ և Ռուսաստանի հանդեպ հարաբերություններում՝ հատկապես։ Օրինակները հայտնի են բոլորին։
Այն բանից հետո, երբ Վիկտոր Օրբանը փորձեց Հունգարիայում «Ռոսատոմի» կողմից «Պակշ» ԱԷԿ-ի համար (Բուդապեշտից 100 կմ հեռավորությամբ) երկու լրացուցիչ էներգաբլոկի կառուցման համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ, ԱՄՆ-ը պատժամիջոցներ մտցրեց Հունգարիայի դեմ, իսկ ամերիկյան շոգեքարշի առջևից մշտապես վազող Ջոն Մակքեյնը Հունգարիայի վարչապետին անվանեց «նեոֆաշիստ դիկտատոր»։ Եվ դեռ փետրվարի 17-ին էլ Պուտինը Օրբանի հրավերով պետք է այցելի Բուդապեշտ...
ԱՄՆ վարչակազմին ձեռնտու չէ նաև Չեխիայի նախագահ Միլոշ Զեեմանի դիրքորոշումը, որը համարձակվում է հայտարարել Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժման ապացույցների բացակայության մասին և կոչ է անում Եվրամիությանն ու ԱՄՆ-ին հանել հակառուսական պատժամիջոցները։ Ամերիկացիներն իրենց խողովակներով հիմա Չեխիայում այդ երկրի նախագահի վարկաբեկման քարոզչություն են իրականացնում։
Սիլվիո Բեռլուսկոնիին, որը գլոբալ կայունության գրավական է համարում համաձայնությունը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, և որն Իտալիայի վարչապետ եղած ժամանակ ասում էր, թե Լեհաստանում և Չեխիայում ամերիկյան ՀՀՊ օբյեկտներ տեղակայելով, ճանաչելով Կոսովոյի անկախությունը, արագացնելով Վրաստանի և Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին՝ Միացյալ Նահանգներն իրեն անպատասխանատու կերպով է պահում, ԱՄՆ Պետդեպարտամենտը ներառել է... մարդկանց առևտրով զբաղվողների ցանկում։
Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ տնօրեն Դոմինիկ Սթրոս-Կանը, իր դեմ ԱՄՆ-ում ծրագրված և կազմակերպված սադրանքի արդյունքում, երբ նրան մեղադրեցին Նյու Յորքի հյուրանոցում սևամորթ սպասուհուն բռնաբարելու փորձի մեջ, հայտնվեց ամերիկյան դատարանի գրկում։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ սպասուհին ստել է, բայց դա արդեն կարևոր չէր. ամերիկացիների կողմից վարկաբեկված Սթրոս-Կանը կորցրեց ԱՄՀ-ում իր պաշտոնը և Ֆրանսիայի նախագահ չդարձավ...
Օրբան, Զեեման, Բեռլուսկոնի, Սթրոս-Կան, հիմա էլ՝ Մերկել. սրանք բոլորն ամերիկյան տեղեկատվական զենքի թիրախային հարվածներն են եվրոպական այն քաղաքական գործիչներին, որոնք այս կամ այն պահին, ըստ Վաշինգտոնի գնահատականների, դառնում են անթույլատրելիորեն ինքնուրույն միջազգային քաղաքականության ինչ-որ հարցերում։
Ամերիկյան վերնախավում հաստատված տեսանկյունից՝ տրանսատլանտյան գործընկերության մեխն այն է, որ Եվրոպան միշտ, առանց նվազագույն իսկ շեղման հետևի ԱՄՆ քաղաքականությանը։ «Մենք պետք է ունենանք ամենաուժեղ զինված ուժերն աշխարհում և պարբերաբար ոլորենք այն երկրների ձեռքերը, որոնք չեն ցանկանում անել այն, ինչ մեզ պետք է նրանցից»,- ինքնագոհ ասել է Օբաման ամերիկյան Vox պարբերականին Մերկելի հետ հանդիպումից անմիջապես հետո2։ Ուժեղ է ասված, այնպես, որ ամերիկյան դաշնակիցներից ոչ մեկը կասկած չունենա այն հաշվով, որ ԱՄՆ-ը պատրաստ է ոլորել նրանցից ցանկացածի ձեռքերը, եթե Վաշինգտոնում ընդունվածից տարբեր հայացքներ արտահայտվեն աշխարհի մասին։
ԱՄՆ դաշնակիցները (կամ վասալները) այս հարցում կասկածներ չպետք է ունենան ոչ միայն Եվրոպայում, այլև Ասիայում։ Կարծիք կա, որ ԳԴՀ կանցլեր Մերկելից հետո ձեռքերի ոլորման պրոցեդուրայի հերթի մեջ Թուրքիայի նախագահ Էրդողանն է։ Նրան չի ներվել Պուտինի հետ անցած տարվա համաձայնագիրը «Թուրքական հոսքի» վերաբերյալ։ Հերթը պետք է որ շուտ հասնի։