22 տարի առաջ այս օրերին հայկական բանակն իրականացրեց Քելբաջարի օպերացիան, ինչը թույլ տվեց տարիներ ի վեր անվտանգ պահել ողջ Արցախի հանրապետությունը։

Մի քանի միտք բերեմ թեմայով հետաքրքրվողների համար.
1. Շրջանով անցնող Մռավի (Օմարի) լեռնաշղթան հարևան Մարտակերտի շրջանի հետ կազմեց Արցախի հյուսիսային սահմանը՝ տարիներ առաջ ապահովելով տարածաշրջանի անառիկությունը։

2. Բացվեց Հայաստանի Հանրապետության հետ Արցախը կապող երկրորդ ռազմավարական ճանապարհը։

Ադրբեջանական քարոզչության հիմնական փաստարկները.
ՓԱՍՏԱՐԿ 1.
Շրջանը դուրս էր ԼՂԻՄ սահմաններից ու 1991 անկախության հռչակագրում ներառված չէր, ինչը և ներառվել է Ադրբեջանի կողմից անցկացված ՄԱԿ մի քանի բանաձևերում, համաձայն որոնց՝ հայկական ուժերը պետք է դուրս գան շրջանից։

ՀԱԿԱՓԱՍՏԱՐԿ
Ադրբեջանը չի ճանաչել Անկախության հռչակագիրը, դեռևս Սովետական տարիներին չեղյալ է համարել Արցախի ինքնավար մարզի կարգավիճակը՝ վերաձևելով տեղի սահմանները, հետևաբար հիմնվել ԼՂԻՄ սահմանների վրա այսօր չի կարող։ Իսկ ՄԱԿ բանաձևերը չունեն իրավական ուժ։ Ավելին, չեն ճանաչվել Մինսկի խմբի համանախագահ որևէ երկրի կողմից, քանի որ մինչ այդ ՄԱԿ-ը իր դիրքորոշումը Արցախի հիմնահարցի շուրջ ձևակերպել էր՝ լիովին ընդունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը։ Իսկ համաձայն Արցախի սահմանադրության՝ շրջանը համարվում է հանրապետության մաս մինչև բանակցությունների ընթացքում վերջնական որոշման կայացումը։

ՓԱՍՏԱՐԿ 2.
Տարածաշրջանում բնակվել է մեծ ադրբեջանական ու քրդական բնակչություն, որը լքել է տարածքը դեպի Ադրբեջան։

ՀԱԿԱՓԱՍՏԱՐԿ
Շրջանի տեղահանությունը 1993-ին հանդիսացել է պարտադրված քայլ Ադրբեջանի ագրեսիային ի պատասխան։ Առաջին փախստականներն Արցախում առաջ են եկել, երբ Ադրբեջանը տեղահանել է հայաբնակ Չարդախլու գյուղը դեռևս 1987 թվականին, իսկ ռազմական գործողությունների սկիզբ է դարձել Կոլցո օպերացիան, երբ 1991 թվականից ի վեր ամբողջությամբ տեղահանվել է ողջ հայաբնակ Շահումյանի շրջանը, որը մինչ օրս գտնվում է Ադրբեջանի հսկողության ներքո։ 1993 թվականին Քելբաջարի բնակչությունը դարձել է փախստական Ադրբեջանի սովետական, իսկ այնուհետև նաև անկախ Ադրբեջանի իշխանության պատճառով, ովքեր ունակ չեն եղել ընդունելու Արցախի հայության ազատ լինելու իրավունքը ու պարտվել են իրենց իսկ կողմից սկսած պատերազմում։

Հ.Գ. Գործողությունից հետո՝ ապրիլի 3-ին, Թուրքիան փակեց Հայաստանի հետ սահմանը, ինչը, իմ անձնական կարծիքով, Թուրքիային փաստացի դարձրեց պատերազմող կողմ ու այսօր պետք է բացառի նրա մասնակցությունը Արցախի բանակցություններում. շրջափակումը պատերազմի ձև է, որի նպատակն է հակառակորդի ռեսուրսները սպառելու արդյունքում նրան ծնկի բերել։ Շրջափակման մեջ էր պահում ԳԵրմանիան Մեծ Բրիտանիային առաջին ու երկրորդ մեծ պատերազմների ընթացքում, շրջափակման մեջ էր ԱՄՆ-ն պահում Ճապոնիային, մինչև մի քանի տարի անց կարողացավ հաղթել։ Սակայն անցել է արդեն շուրջ 22 տարի, իսկ Հայաստանը հերիք չի չի հանձնվում, այլ նաև կարողանում է տարեկան տնտեսական աճ գրանցել, մի գուցե ավելի նվազ, քան կապահովեր շրջափակման մեջ չլինելու դեպքում, մի գուցե ավելի նվազ, քան եթե ավելի քիչ թալանեին, բայց ծնկի չի գալիս ու զարգացման նշույլներ էլ ցուցադրում է։ Փառք նրանց, ովքեր նախաձեռնել են ու իրականացրել Քելբաջարի գործողությունը՝ մինչ այսօր պահելով Արցախը անառիկ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել