GalaTV.am-ը գրում է․
«Աշ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորման հարձակման հետեւանքով Քենիայում զոհվել է առնվազն 70 ուսանող, վիրավորվել են 79-ը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Քենիայի ՆԳ նախարար Ջոզեֆ Նկաիսերիի տեղեկացմամբ, 500 մարդու հաջողվել է փրկել: Համալսարանում սովորում են 815 ուսանողներ, սակայն պարզ չէ, թե հարձակման պահին քանիսն են եղել ուսումնական հաստատությունում:
«Աշ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորման անդամները, ովքեր կապված են «Ալ-Քաիդա»-ի հետ, հայտարարել են, որ պատանդ կպահեն բոլոր քրիստոնյա ուսանողներին, իսկ մուսուլմաններին ազատ կարձակեն:
Համալսարանի ուսանող Քոլինս Վետանգուլան, ով փրկվել է պահնորդների շնորհիվ, հայտնել է, որ գրոհայինները ներխուժել են հանրակացարան, հերթով անցել սենյակներով եւ ճշտել, թե որ ուսանողն է քրիստոնյա, որը` մուսուլման: Քրիստոնյաներին անմիջապես գնդակահարել են:





