Անցյալ տարի հունիս ամսին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի կողմից ներկայացված մի շարք աշխատանքների միջից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշան ընտրվեց «Շարմ Հոլդինգի» կողմից մշակված անմոռուկ ծաղիկը: Եղան քննադատություններ, թե դա բացառիկ խորհրդանիշ չէ, դրանից տարբեր երկրներում կա և այլն, բայց բողոքողներին լռեցնելու եկավ փաստը, թե անմոռուկը գրեթե բոլոր լեզուներում ունի նույն իմաստը` չմոռանալ, հիշել և հիշեցնել, և կարևորն իմաստն է: Այդ է պատճառը, որ ընտրվեց հենց դա:
Սկզբնական շրջանում հիմնականում պետական մարմիններում աշխատող անձանց և քաղաքական գործիչների կրծքին կարելի էր տեսնել «անմոռուկ» կրծքանշան: Կրծքանշանը, իհարկե, որոշակի քանակով էր արտադրվել, և բացի «շատ սրտացավ» պաշտոնյաներից՝ հասարակ քաղաքացիներին այդպես էլ չհասավ: Այդքան բաղձալի անմոռուկ խորհրդանիշը պաշտպանված էր հեղինակային իրավունքներով: Ասել է, թե «օգտագործման բացառիկ իրավունքը պատկանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող գլխավոր տնօրինությանը», և այն խախտող քաղաքացիներն ու անհատ ձեռներեցները կտուգանվեն և «շատ խիստ» նկատողություն կստանան:
Բոլորս էլ գիտենք, որ օրենքներն ու կարգապահությունն այնքան էլ հայերի համար չեն, դե ինչպես կլինի, պատգամավորներն անմոռուկ ունենան, մենք էլ նստենք թախտին ու սպասենք` երբ են Չինաստանից ներկրելու նոր խմբաքանակը, որը բարեխիղճ առևտրականներն անվճար բաժանեն մեզ, մենք էլ մեր սրտի կամեցածի չափով հանգանակություն անենք ու ուրախ ու հպարտ կրենք մեր բաժին անմոռուկը:
Սա Հայաստանն է, որտեղ մենք պարտադիր պետք է ունենանք այն, ինչ ունի մեր հարևանը: Նա անմոռուկ կրծքանշան է կրում, մենք էլ անմոռուկ գլխարկ կկրենք, նա անմոռուկը մեքենային է փակցնում, մենք էլ ավելի մեծը տան դռանը կկախենք... Եվ, արդյունքում, գիտակցաբար, թե առանց գիտակցելու, ոտնատակ ենք տալիս մեր պատմության ամենաողբերգական էջերից մեկի խորհրդանիշը, անարգում ենք այն խորհրդանիշը, որը պետք է ստիպեինք հարգել ամբողջ աշխարհին...
Ինչպես դուք եք սիրում ասել, հայեր ջան, դե թող թուրքը տեսնի ու ուրախանա։