Civilnet.am-ը գրում է.
Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթի սահմանումը այսօրվա հարց չէ: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում: Հարցազրույցի ամբողջական տարբերակն առայժմ չի հրապարակվել, սակայն Բելառուսի նախագահի պաշտոնական կայքում և բելառուսական «Բելտա» կայքում տեղադրված են հարցազրույցից հատվածներ:
«Հարց է` ինչպես է գործելու այդ արժութային միությունը, կամ միասնական արժույթն ինչպես է գործելու: Սակայն այս հարցն օրակարգում պետք է վերջինը լինի, այլ ոչ թե առաջինը»,- ասել է Լուկաշենկոն:
Նրա կարծիքով` այս խնդիրը շատ են ուռճացրել: «Երբ մենք Աստանայում երեքով քննարկում էինք միասնական արժույթի ստեղծման հարցը, Պուտինն ասում էր, որ ավելի խոր տնտեսական համագործակցության համար մենք մի օր կկանգնենք միասնական արժույթի խնդրի առջև: Եվ հնարավոր է` կանգնենք: Այնպես, ինչպես եվրոն ստեղծվեց Եվրամիությունում: Հնարավոր է: Սակայն դա այսօրվա հարց չէ: Դա Պուտինի դատողությունն էր. դուք դե՞մ չեք, եթե փորձագետներն ինչ-որ կերպ խոսեն դրա մասին: Լավ, մենք դրա մասին արդեն վաղուց ենք խոսում, թող փորձագետները խոսեն: Սակայն միասնական արժույթի սահմանման հարց ինչ-որ ժամանակահատվածում` անգամ հեռավոր, դրված չի եղել»,- ասել է Բելառուսի նախագահը:
Նա հավելել է. «Դա վերջին գործողությունն է, որ կարող է լինել մեր միությունում: Եվրասիական տնտեսական միությունն այնքան խնդիրներ ու մարտահրավերներ ունի, որ դեռ հարց է` կապրե՞նք մինչև այդ միասնական արժույթը:
Այդ իսկ պատճառով այս խնդիրն ուռճացվում է ռուս մասնագետների մատուցմամբ. դրված է հարց` վաղն արդեն կլինի միասնական արժույթ: Բայց հարցն անգամ դրված էլ չէր»:
***
Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթ սահմանելու հնարավորության մասին վաղուց է խոսվում: Այս հարցն առավել ակտուալ դարձավ, երբ մարտի 20-ին Աստանայում Ղազախստանի, Ռուսաստանի և Բելառուսի նախագահների հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ժամանակն է խոսել Մոսկվայի, Մինսկի և Աստանայի միջև արժութային միություն ձևավորելու մասին:
ԵՏՄ-ն սկսել է գործել 2015թ. հունվարի 1-ից: Հայաստանը հունվարի 2-ից պաշտոնապես միության անդամ է: