Ապրիլի 24-ից առաջ յուրաքանչյուր ոք իր պատկերացումների շրջանակներում փորձում է հարգանքի տուրքը պատուցել 1915-ի եղեռնի զոհերին։ Այլ խնդիր է, թե դա ինչպես է ընդունվում հասարակության կողմից։ Բնականաբար, անմոռուկները որպես զարդ ընկալելու պահն անչափ տհաճ է, բայց կան միջոցառումներ, որ ուղղակի ի սկզբանե չեն քննարկվում, իսկ վերջում էլ չեն ընդունվում միանշանակ։ Դպրոցներն անմոռուկապատելու գաղափարը տեղին չէր, բայց վստահ եմ, որ դա անելուց առաջ ոչ տնօրենը, ոչ աշակերտները, ոչ էլ նրանց ծնողները չեն մտածել, որ վատ բան են անում։ Չեմ կարծում, որ պետք էր միանգամից քլնգել նրանց։ Լավ կլիներ ուղղակի զգուշացնել բոլորին, թե ինչ ձևաչափով կարելի է, իսկ ինչով չի կարելի օգտագործել և՛ անմոռուկների կիրառումը, և՛ նմանատիպ այլ խորհրդանիշների։ Չեմ մտածում, որ որևէ հայ սա չի ընկալի։ Այսօր տեղեկացա նաև ԿԳ նախարարի նախաձեռնությանը և, իհարկե, արձագանքներին։ Ըստ իս՝ գաղափարը հետաքրքիր է, գուցե անցկացման ձևը կարելի է վերանայել։ Ծանոթանում եմ նաև դեմ արտահայտվողներին և զգում, որ հիմնական շեշտը դրվում է ցրտի ու երեխաներին տանջելու վրա։ Կարծում եմ, որ մտահղացման իրագործման ձևաչափը խմբագրելուց հետո այն կարելի է շատ գեղեցիկ ներկայացնել։
Ես հասկանում եմ, որ ամեն բան չի լինում մեր սրտով, բայց կարծում եմ, որ գոնե այս հարցում միասնականությունը չէր խանգարի։ Սա այն միակ հարցն է, որ դիմացինի սխալն ուղղակի կարելի է սեփական խորհրդով ուղղել։ Սա մրցակցության խնդիր չէ։ Ամեն բան սևացնելու ձևը շատերս գիտենք, բայց գոնե այս հարցում, մեկս մեկին լսելով, ավելի մեծ արդյունքի կհասնենք։ Սա այն հարցն է, որտեղ չկա իշխանություն և ընդդիմություն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել