«Մենք, որպես Եկեղեցի, նաև մեր առաքելությունն ենք տեսնում, որ երրորդ հազարամյակը դարձնենք խաղաղության, ժողովուրդների եղբայրության, բարեկամության, համագործակցության մի դարաշրջան». Ն.Ս.Օ. Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտները դիտարկում է և դիրքորոշում հայտնում` հիմնվելով Աստվածաշուչ մատյանի և քրիստոնեական ավանդության վրա: Այս իմաստով Տուրիզմը բացառություն չէ: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ տուրիզմը, ի մասնավորի այդ բնագավառի մշակութային ու կրոնական ուղղությունները հրաշալիորեն կարող են օժանդակել եկեղեցական առաքելության բարեհաջող իրականացմանը, ապա ինքնին հասկանալի է Եկեղեցու մեծ ուշադրությունն ու նախանձախնդրությունը տուրիզմի վերաբերմամբ:

Քրիստոսի Սուրբ Ավետարանը մարդկության համար դարձավ ոչ միայն դեպի իրական փրկություն տանող բարոյական կոդեքս, այլև մարդկային հասարակությանը պարգևեց այն ճշմարիտ ու վավերական հիմքերը, որոնց վրա միայն կարելի է կառուցել արդար, զորեղ ու անսասան անհատական կյանք, ընտանեկան, հասարակական և պետական կարգեր: Ավետարանական ճշմարտություններով սահմանվեցին և ուղղորդվեցին նաև մարդկային փոխհարաբերությունները: Եվ այս առումով առանցքային նշանակություն ունեն Քրիստոսի հետևյալ պատվիրանները` «Հաստատո’ւն մնացեք Իմ սիրո մեջ» (Հովհգ ԺԵ 9) և «Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո’ւք արեք նրանց»(Մատթգ Է 12): Եվ բնական է, որ միայն այսպիսի պատվիրանների գործադրմամբ երկրում խաղաղություն և մարդկանց մեջ բարեհաճություն ու համերաշխություն կհաստատվի (հմմտգ Ղուկգ Բ 14): Իսկ տուրիզմն իր տեսակներով չափազանց մեծ հնարավորություններ է ընձեռում ժողովուրդների խաղաղ գոյակցության և համերաշխ գործակցության, ինչպես նաև բարօրության ապահովման:

Ներկա ժամանակաշրջանը եկեղեցական բնորոշմամբ առավելապես Էկումենիզմի, էկումենիկ շարժման դար է: Շարժում, որը կոչված է աստվածաբանական ու մշակութային երկխոսությունների ճանապարհով քրիստոնեական եկեղեցիներիª քրիստոնյաների ճշմարիտ միություն հաստատելու: Եվ ահա այս առումով, ընդառաջ սոցիալական նոր պայմաններին և հասարակական նոր պահանջներին, քրիստոնեական ժամանակակից աստվածաբանության ուսումնասիրության թեմա պետք է դառնա նաև տուրիզմը, ինչի հիման վրա էլ կարող է ձևավորվել աստվածաբանական մի նոր ուղղությունª տուրիզմի աստվածաբանություն:

Արդարև, մարդիկ հետաքրքրությունից մղված պարբերաբար ճամփա են ելնում տարբեր ուղղություններով: Այդ ճանապարհորդությունների ընթացքում նրանք ճանաչում են ուրիշ ժողովուրդների, հաղորդակցվում նրանց կյանքին, կենցաղին, քաղաքակրթությանը: Եվ այդ ամենի արդյունքում զբոսաշրջիկի ներաշխարհում հետաքրքրությանը կամա, թե ակամա գալիս է փոխարինելու մի ուրիշ վերաբերմունքգ հոգեկան կապ, հարազատության նուրբ զգացում և անկեղծ ակնածանք է ձևավորվում այն վայրի, երկրի հանդեպ, ուր նա մեկնել է, և այն ժողովրդի, մարդկանց նկատմամբ, որոնց հետ նա առնչվել է: Մեր խորին համոզմամբ զբոսաշրջությունն իր էության մեջ սիրո ճանապարհ էգ սեր, որը մարդկանց, ժողովուրդներին բնության և մարդու ստեղծած բարի, գեղեցիկ ու վեհացնող արժեքների միջոցով առաջնորդում է դեպի բացարձակ Բարին, Գեղեցիկը և կյանքի իրական Աղբյուրը, դեպի Արարիչն Աստված: Հետևաբար, ինչպես քրիստոնեությունը, այնպես էլ համաշխարհային և ավանդական մյուս կրոններն իրենց գաղափարական ու գործնական մասնակցությունը պիտի բերեն սիրո այս ինքնատիպ ճանապարհի` զբոսաշրջության զարգացմանը:

            Աստվածաստեղծ մեր երկիր մոլորակի յուրաքանչյուր անկյուն, վայր, երկիր ունի իրեն հատուկ գեղեցկություն ու գրավչություն: Հայաստանը նույնպես յուրահատուկ մի հմայքով ու ձգողականությամբ է օժտված հայկական բնաշխարհը, մշակույթն ու արվեստը, հայ կյանքն ընդհանրապես համաշխարհային պատմության խճանկարի մի կարևոր հատվածն են լրացնում: Եվ սակայն չափազանց էական է, թե տվյալ երկիրն ու ժողովուրդը զբոսաշրջության տեսանկյունից ինչ բովանդակությամբ են հանդես գալիս և ինչ արտադրանք են մատուցում օտարերկրացի այցելուներին:

Հայաստանն աստվածաշնչային Արարատի երկիրն է, մարդկային ցեղի սրբազան օրրանըգ այստեղ էր աստվածատունկ Եդեմի պարտեզը, այստեղ է հանգրվանել Նոյյան տապանը և այստեղից է սկսվել նոր մարդկության վերածնունդը: Հայկական լեռնաշխարհում հազարամյակների խորքից եկող ճշմարիտ աստվածպաշտության վկայություններից է ընձյուղվել Հիսուս Քրիստոսի աշակերտներիª Սբ Թադեոս և Սբ Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությունը և Ա դարում Հայաստանյայց Եկեղեցու հիմնադրումը: Հայաստանն այն երկիրն է, որը 301 թ. աշխարհում առաջինը քրիստոնեությունը պետական կրոն հռչակեց և հանուն իր հավատքի 311 թ. առաջին հաղթական մարտը մղեց ընդդեմ Արևելյան հռոմեական կայսեր Մաքսիմին Գալերիոս Դաժի: Քրիստոնեական հավատքի զորությամբ հայ ժողովրդի հանճարն այլակերպվեց ու պայծառակերպվեց, և քրիստոնյա հայն իր ստեղծագործ ու շինարար կյանքով Հայաստան աշխարհը վերածեց քրիստոնեական քաղաքակրթության մի ինքնատիպ օրրանի:

Դժբախտաբար դարերի ընթացքում քաղաքական հանգամանքների բերումով, մանավանդ 1915 թ. Հայոց Ցեղասպանությունից հետո, հայ ժողովուրդը կորցրեց ոչ միայն իր բնիկ հայրենիքի մեծագույն մասը, այլև հոգևոր մշակույթի անթիվ գանձեր: Եվ ներկայիս Հայաստանի փոքրիկ տարածքում այն ամենն ինչ պահպանվել է` սոսկ նշխարներն են բազմադարյա և շքեղ հայ մշակույթի ու արվեստի: Եվ սակայն, այդ փոքրաթիվ ժառանգությունը` հայ ինքնատիպ ոգեկանության ստեղծած արժեքներն «իրենց մնայուն տեղն են գրաւել միջազգային քաղաքակրթութեան պատմութեան մէջ մինչև մեր օրերը» (Տ. Տ. Վազգեն Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց):

Տեղին է վկայակոչել Կրոնական համաշխարհային ճանապարհորդական ընկերակցության նախագահ Քևին Ռայթի խոսքերըգ «Միայն Հայաստանը կարող է կրոնական հետաքրքրություն ունեցող ճանապարհորդներին մատուցել կրոնի պատմություն, որն սկսվում է Աստվածաշունչ մատյանի առաջին գրքից` Ծննդոցից: Հայաստանը հանդիսանում է քրիստոնեական հավատքն ընդունած առաջին երկիրը, որտեղ ավետարանել են Հիսուսի երկու առաքյալները` Թադեոսը և Բարդուղիմեոսը: Աշխարհում աստվածաշնչային կամ կրոնական ուրիշ ոչ մի վայր չի կարող պարծենալ նման փաստերով»:

Եվ իսկապես, Հայաստանը զբոսաշրջիկներին մատուցում է գերազանցապես “sacral” արտադրանք, ինչն էլ հիմնականում ունի քրիստոնեական բովանդակություն: Հայաստանի Հանրապետության տուրօպերատորներն իրենց տուր-փաթեթներով գլխավորապես առաջարկում են տուրեր դեպի հինավուրց եկեղեցիներ և վանական համալիրներ, որոնք հայ իրականության մեջ վաղմիջնադարից եղել են գիտության, դպրության, մշակույթի ու արվեստի հռչակավոր կենտրոններ: Տուրիստական երթուղիների հանգրվան դարձած կրոնական հաստատությունները, եթե տարիներ առաջ` կոմունիստական քաղաքականության հետևանքով ամայացվել էին ու վերածվել սոսկ պատմական հուշարձանների` համարվելով պետական սեփականություն, ապա այսօր Հայրենի կառավարության որոշմամբ այդ պաշտամունքային կառույցների մեծագույն մասը վերադարձվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն: Եվ բնականաբար, Սուրբ Եկեղեցու առաքելությունից և հավատացյալների կրոնական պահանջներից ելնելով, այդ եկեղեցիներից ու վանքերից շատերը գործող են դարձել:

Եկեղեցական ժառանգության վերադարձը, հարկավ, չափազանց ուրախալի երևույթ է և արժանի ամենաբարձր գնահատանքի, սակայն միաժամանակ այն մեծագույն մտահոգության առիթ է տալիս Հայոց Եկեղեցուն, քանի որ հանձնված եկեղեցիներն ու վանական համալիրները հիմնովին վերանորոգման կարիք ունեն, իսկ դրանց մի մասն էլ պարզապես ավերակված վիճակում է: Այսպիսով, Եկեղեցու առջև ևս մի մեծ հիմնախնդիր է ծառանում, ինչի լուծումը կապված է բացառապես նյութական միջոցների հետ: Եթե որոշ վաղմիջնադարյան տաճարների ռեստավրացիոն աշխատանքները կատարվում են Հայոց Եկեղեցու և Հայաստանի Մշակույթի նախարարության համատեղ ջանքերով, ապա մնացյալ բոլոր կառույցների վերանորոգումները, ինչպես և հետագա անխաթար պահպանումը ծանրանում են միմիայն Եկեղեցու ուսերին: Ուստի և Եկեղեցին ի շարս այլևայլ միջոցառումների ձեռնամուխ է նաև օժանդակ տնտեսությունների ստեղծմանը: Այս առումով եկեղեցական էկոնոմիկայի գերակայություններից մեկն է համարվում նաև կրոնական և մշակութային տուրիզմի զարգացումը: Սրանից ենթադրելի է, որ Եկեղեցու և տուրօպերատորների միջև այլևս ձևավորվելու են նոր փոխհարաբերություններ: Նախկինում եղած միակողմանի հարաբերությանց փոխարեն կհաստատվի արդար և փոխշահավետ համագործակցություն, ինչի արդյունքում էլ որոշ կնճռոտ հարցեր բարվոք լուծում պիտի ստանան:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տաճարների ու վանական համալիրների, եկեղեցական գանձարանների ու թանգարանների, տուրիստական հետաքրքրության շրջանակներում գտնվող կրոնական այլ հաստատությունների ու կառույցների դռները շարունակելու են բաց մնալ անխտիր բոլոր տուրօպերատորների և նրանց զբոսաշրջիկների առաջ:

Եվ սակայն Սուրբ Եկեղեցու կողմից սահմանվել են որոշ ողջախոհ պայմաններ, որոնք վերաբերում են գիդերի մասնագիտական պատրաստվածությանը, զբոսաշրջիկների պահվածքին ու վարվելակերպին, նրանց հագնվածքին: Իսկ էթիկական այդ կանոնները սրբավայրն ի’նքն է թելադրում, որպեսզի սրբատեղիները զերծ մնան «տուրիստիֆիկացիայից»: Պաշտամունքային կառույցները որքան պատմական և գեղարվեստական արժեք են ներկայացնում, նույնքան և առավել շնորհակիր աղոթքի տներ են, որտեղ պահվում են սուրբ մասունքներ, նվիրական առարկաներ և հանապազ կատարվում սրբազան խորհրդակատարություններ ու արարողություններ:

Այսօր, առավել քան երբևէ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին գործնական կերպով կարևոր ու անփոխարինելի մասնակցություն ունի զբոսաշրջության ոլորտում: Եվ ամենից առաջ Եկեղեցու համար խիստ կարևորություն ունի տուրիզմի ասպարեզում բանիմաց և որակյալ կադրերի պատրաստման հիմնահարցը: Ձևավորված համագործակցության շրջանակներում արդեն երրորդ տարին է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչները, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, դասախոսում են Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Միջազգային տուրիզմ գիտաուսումնական կենտրոնի բակալավրիատի և մագիստրատուրայի բաժիններում` ավանդելով «Հայ հոգևոր մշակույթ», «Կրոնական տուրիզմ» և «Աշխարհի կրոնները» առարկաները: Եկեղեցին օժանդակում է նաև գործող գիդերի համար տարբեր կազմակերպությունների նախաձեռնությամբ պարբերաբար կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին, ինչպես նաև իր օգտակար նպաստն է բերում անհրաժեշտ մասնագիտական գրականության ստեղծման գործին:

Եվ որպեսզի Հայաստանում ճիշտ կերպով կազմակերպվեն և նպատակային զարգացում ապրեն տուրիզմի կրոնական ու մշակութային տեսակները` Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և մեր ջանքերով վերջերս ստեղծվել է նաև Կրոնական տուրիզմի զարգացման հիմնադրամ: Այս կազմակերպությունն իր ուշադրության ներքո է պահելու ոչ միայն Հայոց Եկեղեցու, այլև Հայաստանում գործող համաշխարհային և ավանադական կրոնների հոգևոր ու նյութական ժառանգությունները:

Նշենք նաև, որ Հայաստանում կրոնական-մշակութային տուրիզմի զարգացմանն ի խնդիր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը համագործակցում է ՀՀ  Էկոնոմիկայի նախարարության, Քույր եկեղեցիների համապատասխան կառույցների, միջազգային և տեղական որոշ կազմակերպությունների, ինչպես նաև անհատ ձեռներեցների հետ:

 

 

Ասողիկ քահանա Կարապետյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի

Թանգարանների և արխիվի տնօրեն

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել