Ուկրաինայի քաղաքացիական պատերազմը և պետության կազմաքանդումը շարունակվում է, ընդ որում, այս փուլում դրա ռազմական բաղադրիչ մասում հարաբերականորեն պասիվ փուլ է, իսկ այ դիվանագիտական ու տնտեսական ճակատներում բուռն գործունեություն են ծավալում ուկրաինական խաղում ներգրավված բոլոր կողմերը։
Զարմանալիորեն, այս անգամ գործում է իր համար եզակի հաշվենկատությամբ, հետևողականությամբ ու նուրբ և հստակ գիտակցում է իր տրամադրության տակ այսօր եղած ուժերի ու ռեսուրսների իրական քաշն ու պոտենցիալը։ Հենց դրանով էլ պայմանավորված է այն, որ Ռուսաստանը մինչ օրս իր զորքերը չի մտցրել, քանի որ բոլոր լուրջ հաշվարկները ցույց են տալիս, որ այս փուլում միակողմանի ինտերվենցիան, որը պատասխան քայլ չէ ՆԱՏՕ-ի բացահայտ ինտերվենցիայի, կբերի նրան, որ Ռուսաստանն իր զինված ուժերի մեծամասնությունը, եթե չասենք գրեթե բոլոր մարտունակ ստորաբաժանումները, ստիպված կլինի կենտրոնացնել Ուկրաինայում, որպեսզի կարողանա վերահսկել Դնեպրի աջ կողմում ընկած հատվածը՝ չանցկացնելով համապետական զորահավաք, իսկ դա նշանակում է, որ ցանկացած ցնցում Հյուսիսային Կովկասում կամ էլ Թաթարստանում կարող է ճակատագրական հետևանքների բերել ռուսական պետության համար, քանի որ հակադրելու ազատ և բավարար քանակությամբ ուժային ռեսուրսներ Ռուսաստանն էլ չի ունենա։
Սա հասկանում են նաև Արևմուտքում, դրա համար էլ ամեն գնով փորձում էին Ռուսաստանին ներքաշել բացահայտ ագրեսսիայի մեջ և հիմա էլ, նույնիսկ Մինսկի համաձայնագրերի կնքումից հետո, Արևմուտքը և մասնավորապես ԱՄՆ-ը ակտիվորեն զինում է ուկրաինական զինված ուժերը, և ակնհայտ է դառնում արդեն, որ զինված բախումները նորր թափով կվերսկսեն արդեն շատ շուտով, որովետև Արևմուտքի համար հաջողության բանալին ուկրաիանական զորքերի վճռական ռազմական հաղթանակները կլինեն, որոնք պարզապես կստիպեն Ռուսաստանին բացահայտ ներքաշվելու այս պատերազմի մեջ։ Սակայն Արևմուտքին ու նրա կիևյան դրածոներին դեռ չի հաջողվում կոտրել Դոնբասի դիմադրությունը, և ռուսները բոլոր հնարավոր եղանակներով փորձում են դա թույլ չտալ, և խաղի այս փուլում առայժմ մեկ քայլ առջևում են։
Ռուսաստանի պլանը կարծես թե ուրվագծվում է իր հիմնական կողմերով. հնարավորինս ձգել այս իրավիճակը, որը քամում է Ուկրաինա պետության վերջին կենսական ուժերը, հասնել տնտեսական լիարժեք կոլապսի ու արևմտամետ դրածոների ներքին առճակատումների բազմապատկման, մինչև հասունանա մի իրավիճակ, երբ ներքին ատելությունը ռուսախոս ու ուկրաինախոս բնակչության միջև վերափոխվի ու սևեռվի գործող վերնախավի և դրանց կամակատարների վրա, ու Ռուսաստանի գործուն աջակցությամբ Ուկրաինայում գնալով թափ հավաքի «ազգային-ազատագրական» պատերազմ, որն ուղղված կլինի Արևմտյան կամակատարների ու նրան կողմնակիցների դեմ և ի վերջո կհանգեցնի Ուկրաինայի նոր վերաձևավորման, որի արդյունքում երկիրը Ղրիմից բացի՝ կկորցնի նաև որոշ Արևմտյան տարածքներ, իսկ մնացած մասում կհաստատվի դաշնային կառավարման համակարգ՝ ընդգծված պրոռուսական, սլավոնաֆիլական իշխանությունների կողմից կառավարվող, ինչպես դա տեսանք Դոնբասում։ Սակայն սրանք առյաժմ միայն պլաններն են, որոնք թեև իրագործման փուլում են, բայց բավականին հեղհեղուկ են ու ցանկացած պահի կարող են կկոտրվել՝ կախված առաջիկայում սպասվող զարգացումների ընթացքից։