Հայաստանում արմատական ուժեղ ընդդիմություն ունենալն անթույլատրելի շռայլություն է, իսկ դրա բացակայությունը՝ հնարավորությունների պատուհան։ Սակայն այս ամենը՝ մի նախապայմանով. արմատական ընդդիմություն չունեցող իշխանությունն ու քաղաքական վերնախավը թող չլինեն հրեշտակ, բայց գոնե ինչ-որ չափով լինեն հետամուտ ժողովրդի ու ազգային շահերին վերաբերող հարցում։
Գաղտնիք չէ, որ մեծ տերությունների ազդեցության գոտում պտտվող երկրներում իշխող ռեժիմներին կառավարելի պահող գործոններից մեկն իշխանափոխության կայուն ռիսկի պահպանումն է։ Այնպես է ստացվել, որ մենք փաստացի չունենք էլ նման ռիսկ, ինչը տեսականորեն պետք է ավելի ազատի իշխանությունների ձեռքերն արտաքին աշխարհի ու հատկապես Ռուսաստանի հետ հարաբերություններում։
Սակայն, ցավոք սրտի, մեր իշխանություններն արդեն այնքան երկար են ոչ պոպուլյար քաղաքականություն վարել, որ արդեն իրենք էլ մոռացել են, որ ինչ-ինչ հանգամանքներում ժողովուրդը կարող է թևութիկունք կանգնել իրենց, պայմանով, որ իշխանություններն առաջնահերթություն տան հենց ժողովրդական շահերին։
Օրինակ՝ այսպիսի մի պրովոկացիոն բան ասեմ. հնարավոր է բավականին լրջորեն վերաֆորմատավորել տնտեսական հարաբերությունները՝ օգտվելով ստեղծված աշխարհաքաղաքական ու մեր ներքաղաքական բացառիկ մթնոլորտից։ Դրա համար պարզապես պետք է լինել ավելի կոշտ ու անզիջում, ինչպես դա անում է Բելոռուսը տեղը եկած ժամանակ ու հասնել նրան, որ Ռուսաստանը շոշափելի զիջումների գնա։ Օրինակ՝ չխոչընդոտի Հայաստանի՝ իրանական ու թուրքմենական գազի տարանցիկ երկիր դառնալուն, վերանայի ԳԱԶՊՐՈՄ-ի ու ՀԷՑ-ի գնային և առհասարակ՝ ռուսական կապիտալների ներդրումային քաղաքականությունը մեր երկրում, և եթե այդ ամենը մասամբ դուրս բերվի կուլիսների հետևից, իսկ հետևանքները ծառայեցվեն ժողովրդական շահին, ապա համ գայլերը կուշտ կլինեն, համ գառները ողջ կմնան։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1643281915902362&id=100006617070037&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել