ՎԱՂԸ`
Ծաղկազարդ

Սուրբ Հարության տոնից մեկ շաբաթ առաջ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որ խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, ինչը նկարագրում են բոլոր ավետարանիչները` մանրամասնելով, թե ինչպե´ս է ժողովուրդը փառաբանությամբ ու օրհնությամբ դիմավորում Տիրոջ գալուստը: «Եվ բազում ժողովուրդ իրենց զգեստները փռեցին ճանապարհի վրա, իսկ ուրիշներ ծառերից ճյուղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրա» (Մատթ.21:9): Ժողովրդի բազմությունը աղաղակում էր ու ասում. «Օվսաննա, օրհնյա´լ լինես դու, որ գալիս ես Տիրոջ անունով» (Հովհ. 12:13):
Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է հանդիսավոր ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին:
Ծաղկազարդը յուրաքանչյուրիս հիշեցնում է Քրիստոսի գալստյան մասին` խրատելով ապրել այնպես, որ կարողանանք ուրախությամբ ընդառաջ դուրս գալ Տիրոջը` Նրա առջև փռելով մեր հոգու ընծաները և արժանի լինենք Միածնի առջև կանգնելու:
Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հռչակված է որպես մանուկների օրհնության օր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել