Ո՞վ չգիտի, որ բիզնեսում գործադիր տնօրենն ու գլխավոր հաշվապահը հլու-հնազանդ կատարում են սեփականատիրոջ ցուցումները: Անգամ փաստաթղթային կեղծարարություններն ու հարկերը շրջանցելը ևս կատարվում է տիրոջ դաբրոյով և իմացությամբ: Ո՞վ է գլխից ձեռք քաշել, որ այլ կերպ վարվի: Իմիջիայլոց, նմանատիպ գործունեության դեպքում էլ աշխատողների աշխատավարձը մնում է նույնը` քարը տրաքի, մի քանի կոպեկ ավել բոնուս է ավելանում: Նման օլիգարխ սեփականատերերի թուրն աջ ու ձախ է կտրում... Բայց արի ու տես, որ մի գեղեցիկ օր, երբ օլիգարխը հայտնվում է սև ցուցակում, հարկայինի պինդ տղերքը հայտնվում են հենց այն գրասենյակում, որտեղ օր ու գիշեր տքնում էին տնօրենն ու հաշվապահը: Կարո՞ղ եք գուշակել, թե ով է հայտնվում դռբի տակ: Համենայնդեպս, ոչ օլիգարխը: Վերջին ամսվա ընթացքում նմանատիպ երրորդ պատմությունն եմ լսում ու իրոք կարեկցում կրակն ընկածներին: Հերիք չի օլիգարխը ձեռքերը լվացել է, հերիք չի նրանք կորցնում են աշխատանքը, մի հատ էլ վարչական, գուցեև քրեական պատասխանատվության առաջ են կանգնում:
Հիշեք մեր օրենքները. որևէ տնտեսվարողի հնարավորություն չեն տալիս մաքուր հաշվապահությամբ աշխատելու և շահույթ ստանալու: Դրա համար էլ բացառապես բոլոր տնտեսվարողներն աշխատում են սև հաշվապահությամբ: Այդ մասին փայլուն գիտեն հարկայինի աշխատակիցները և հարմար պահի կամ համապատասխան կարգադրության դեպքում յուրաքանչյուր տնտեսվարողի կարելի է ցցի հանել: Նույնն էլ կամակատար գործադիրներն են: Աշխատանք ունենալու համար նրանք հաճախ վերևի ցուցումով շրջանցում են օրենքը, իսկ հենց գալիս է պատասխանելու պահը, դառնում են էշ նահատակ, քանի որ փաստաթղթերի վրա առկա են միայն նրանց, այլ ոչ իրական մեղավորի ստորագրությունները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/garik.petrosyan.7/posts/778315102250038?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել