ՇՆՈՐՀԱԿԱԼՈւԹՅՈւՆ ԱՄԵՆՔԻԴ

Ահա և ավարտին մոտեցավ Մեծ պահքի շրջանը` Արարչի և արարածի համատեղ հոգևոր ճամփորդությունը, որի ընթացքում Տիրոջ անտեսանելի զորությամբ ու խնամքով մարդը ջանում է ճանաչել ինքն իրեն, բացահայտել իր հոգին և մաքրել այն տարբեր տեսակի կեղծ արժեքներից, սին մղումներից և հոգեկործան մեղքերից: Մեծ պահքի շրջանն է, որ հավատացյալներիս առիթ է ընձեռում լավագույնս ըմբռնել մեր կյանքի իմաստն ու հավատամքը և դավանվող մեր արժեհամակարգի պրիսմակով դիտարկել տերունական հետևյալ խոսքը «Ես իսկ եմ հարություն և կյանք. ով հավատում է ինձ, թեպետ և մեռնի, կապրի. և ով կենդանի է ու ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի» (Հովհ. 11.25-26): Հարության հույսն է այն հիմնաքարը, որի վրա հաստատված է քրիստոնեական մեր հավատը, որով իմաստավորվում են Միածին Որդու մարդանալը, երկրային առաքելությունը, չարչարվելը, խաչվելը և թաղվելը: Այս կապակցությամբ հիշենք նաև Պողոս առաքյալի խոսքը. «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս հարություն չի առել իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15.13-14):
Եթե մենք չենք ձգտում այս ամենը վերապրել Նրա հետ, չարչարակից լինել Նրան, Նրա հետ թաղվելով հառնել իբրև «նոր մարդ» և Տիրոջ Սբ Հարության լույսով խանդավառվել ու զորանալ մեր սպասման մեջ, ապա զուր են Մեծ պահքի ընթացքում կամովին ստանձնած զրկանքները: Եթե Մեծ պահքի հոգևոր և մարմնական պահեցողությունը մենք չենք ամփոփում Ավագ շաբաթվա հուզական խորհրդով և փոխակերպող զորություն ունեցող արարողություններին մասնակցությամբ, ապա միանգամայն ունայն են մեր բոլոր ջանքերը: Մեծ պահքն ընդամենը միջոց է պատրաստության` ամբողջությամբ ըմբռնելու, համակվելու Տիրոջ Սբ Հարությամբ: Ինչպես բժիշկը մինչ հիվանդին մոտենալը ախտահանում է ձեռքերն ու բժշկական գործիքները, այնպես և մենք` մինչ Ավագ շաբաթ մուտք գործելը, մաքրում ենք մեր հոգին զանազան ախտերից, որպեսզի հպվելով «մտքից ու խոսքերից վեր» գտնող խորհրդին, բժշկվենք և պարգևենք մեր հոգիներին Սբ Հարության և իրական կենդանության աննկարագրելի ապրումը:
Մեծ պահքին մենք կարողացանք ինքնաքննությամբ մեր հոգում արթնացնել կարոտն արարչապարգև երջանկության, ջինջ ու պայծառ արժեքների ու առաքինությունների, որոնք այս աշխարհի կողմից հաճախ տկարություն են նկատվում: Սակայն նման պարագաներում մշտապես մտաբերենք առաքելական հորդորը. «Աստծու տկարն ավելի զորեղ է, քան մարդկային զորությունը» (Ա Կորնթ. 1.25):
Մեծ պահքը նաև ոչ միայն հրավեր էր` մեզանում բորբոքելու անշոշափելի կամ վերացական արժեքներ, առաքինություններ և անանձնական սեր, այլ հստակ պատվեր էր` այդ ամենը վերափոխելու բարի գործերի, որովհետև քրիստոնեությունը անդրանցական մի հավատ չէ, այլ վարդապետություն, որի դավանմամբ «Ինչպես որ մեռած է մարմինը առանց հոգու, այնպես էլ մեռած է հավատը առանց գործերի» (Հակ. 2.26): Այս համոզումը պետք է առաջնորդի մեզ մեր հավատի ճշմարիտ դրսևորման մեջ:
Մեծ պահքի արդունքում է, ըստ իս, որ մարդը պետք է տերունապարգև իր շնորհները, դնելով աստվածահաճո գործադրության մեջ, վերափոխվի և պտղաբերի Սբ Հոգու պտուղներով, որոնք են` «սեր, խնդություն, խաղաղություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն» (Գաղ. 5.22-23):
Ուստի Ավագ շաբաթ մուտք գործենք մեր հոգու բոլոր այս պտուղներով, որպեսզի ընթանանք ըստ Հոգու, ապրենք ու պարծենանք միայն Քրիստոսով, Ով ՍԵՐ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել