images (2)Անպտղության տարածվածության ցուցանիշը, եթե 2000թ. կատարված հետազոտությունների արդյունքներով բավական մտահոգիչ էր և հասնում էր 31, 9 տոկոսի, որից առաջնային անպտղության տարածվածությունը 3,4 տոկոս էր, երկրորդային անպտղությունը՝ 28,5 տոկոս, ապա վերջին տարիներին իրականացված ծրագրերի արդյունքում պատկերը բավականաչափ փոխվել է: Սեռավարակների կանխարգելման, արհեստական ընդհատումների նվազեցման ու կանխարգելման ծրագրերի արդյունքում անպտղության տարածվածության մակարդակը 2,5 անգամ նվազել է:
Ինչպես վստահեցնում են առողջապահական համակարգի ներկայացուցիչները, ԱՊՀ երկրներից դեռևս միայն Հայաստանում է իրականացվում 15 տարեկան աղջիկների և տղաների համալիր հետազոտություն ու վերարտադրողական համակարգի խնդիրների վաղ հայտնաբերում ու շտկում: Առողջապահական համակարգում ներդրվել են նաև անպտղության ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդներ՝ ինչպիսիք են էնդոսկոպիան, լապարասկոպիան, հորմոնային միջոցները, բուժման ժամանակակից մեթոդները և այլն։
2010թ. գրանցվել է 16,8 տոկոս անպտղության դեպք, որից 4,8 տոկոսը՝ առաջնային, 12 տոկոսը՝ երկրորդային։ 2014թ. առաջնային անպտղության տոկոսը կազմել է 4,3, երկրորդայինը՝ 4,6 տոկոս։
«Այսօր Հայաստանում անպտղության տարածվածությունը կազմում է 14,9 տոկոս։ Այս ցուցանիշը աննախադեպ նվազել է, մինչդեռ ԱՀԿ-ն ճգնաժամային ցուցանիշ է համարում 15 տոկոսի գերազանցումը։ Մեր երկրում այս առումով իրավիճակը ճգնաժամային չէ, սակայն միևնույն ժամանակ այդ ցուցանիշը մեզ չի գոհացնում»,-նշեց ԱՆ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը։ Նա տեղեկացրեց, որ մշակվել և շրջանառության մեջ է դրվել անապահով ընտանիքներին՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու մասին ՀՀ կառավարության որոշումը։ Այն կօգնի անապահովության 30 և ավելի միավոր ունեցող ընտանիքներին՝ օգտվել հետազոտման ժամանակակից մեթոդներից, լապարասկոպիկ ծառայություններից, որոնք թույլ կտան նվազեցնել անպտղության երևույթը։

Անպտղության դեմ պայքարի ծրագրերից մեկն էլ, որ մատնանշեց բանախոսը, «Արագիլ» ծրագիրն է, որը հնարավորություն է տալիս օգտվելու վերարտադրողական ժամանակակից մեթոդներից։ Արդյունքում յուրաքանչյուր տարի մեծանում է նորաստեղծ ընտանիքներում երեխաների ծննդի հավանականությունը։ Անպտղության դեմ բուժման, հետազոտման և խնդիրների շտկման շնորհիվ տարեկան մինչև 900 ամուսնական զույգեր կարողանում են երեխաներ ունենալ։ Այսօր պարզապես, ըստ ԱՆ ներկայացուցչի, միտում է նկատվում քիչ թվով երեխաներ ունենալ։
Այսինքն՝ ծնելիության ցուցանիշները ոչ միայն վերարտադրողական վարքագծով են պայմանավորված։ Կան մայրեր, ովքեր աշխատանքում կայանալու և այլ խնդիրներով պայմանավորված՝ հրաժարվում են երկրորդ և ավելի երեխաներ ունենալ։ «40—50 տարի առաջ, երբ մեր մայրերը կամ տատերը ունենում էին երեխաներ, մեզանից ավելի բարեկեցիկ չէին ապրում։ Պարզապես այժմ պահանջներն են փոխվել»,–նշեց տիկին Ավագյանը՝ հորդորելով կանանց շատ երեխաներ ունենալ՝ ասածը համեմելով Գարեգին Նժդեհի տողերով՝ «Ազգի ապագան մայրերի ափերի մեջ է»։

2014 թ. գրանցված ծնունդների թիվը կազմել է 43,340, որը 13340 ծնունդով ավելի է 2013թ. համեմատ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել