Հոկտեմբերի 19-ը ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի ու հրետանու օր հայտարարելու հրամանն այն ժամանակ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ստորագրեց 1993-ի հաղթական աշնանը: Դրանից ընդամենը մեկ տարի առաջ Հայաստանում տխուր ու արյունոտ, իսկ հայոց զույգ պետությունները միմյանց կապող «կյանքի ճանապարհին» անգամ սև աշուն էր: Լաչինի միջանցքը փակվում էր, ու հակահարձակման ծրագիրը կազմելիս դեռ գնդապետներ Վլադիմիր Հայրապետյանն ու Միքայել Գրիգորյանն առաջարկել էին եղած մարտկոցների կազմով դասական հրետանային նախապատրաստություն իրականացնել: Միջանցքի հարավային թևի հրետանին ղեկավարում էր մեզնից անժամանակ հեռացած գնդապետ Ալբերտ Դավթյանը, հյուսիսային թևինը՝ այսօր գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանը, իսկ հրետանու ընդհանուր հրամանատարը Վլադիմիր Հայրապետյանն էր:
Դա նման լայնածավալ հակահարձակման առաջին հրետանային ապահովումն էր: Այդ օրը միջանցքի լայնությունը, որը որոշ տեղերում նեղացել էր մինչ 3-4 կիլոմետր, հասավ 25-26 կիլոմետրի:
Լաչինի միջանցքի, ինչպես նաև Հայաստանի հրթիռահրետանային զորքերի համար շրջադարձային այդ օրը, մեկ տարի անց հռչակվեց հրետանու օր:
Հրետանավորներից յուրաքանչյուրի համար պատերազմը սկսվել էր յուրովի, սակայն շրջել բոլորի ճակատագրերը՝ տարեց ու պաշտոնաթող զինվորականներին մարտական պայմաններում վերադարձնելով հարազատ զորատեսակ, կամավորներին էլ բերել իրենց անծանոթ այդ կայանքների մոտ՝ հիմք դնելով ստեղծելու ամենահզոր կրակային զորատեսակը, ինչը զինված ուժերի կազմավորման ամենակարեւոր խնդիրներից մեկն էր:
Մինչև 1992թ. ընկած ժամանակահատվածը հիմնականում հակակարկտային կայանքների ու ինքնաշեն ականանետների ժամանակն էր, որոնց մասին որքան զավեշտական, նույնքան ողբերգական, բայց իրական պատմություններ կան: Բայց դա նաև առաջին նվիրյալների ժամանակն էր. հրետանու պաշտոնաթող գնդապետներ Դնեպրիկ Բաղդասարյան, Երվանդ Հասրաթյան, Ռայմոնդ Մագաուզյան, Բախշի Պետրոսյան, հրետանու վարչության առաջին շտաբի պետ Առնո Տատինցյան, հրետանու վարչության առաջին պետ, 1992-2003թ. վարչության պետ, պաշտոնաթող գեներալ-մայոր Վլադիմիր Հայրապետյան, Ներսես Մուրադյան, Գարուն Աբգարյան («Գրադ Գարունը»), ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Մարատ Ղարիբյան, Ալբերտ Մկրտչյան, այսօր ԼՂՀ կրթության նախարար, հրետանու պաշտոնաթող գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյան, Բաբկեն Աբրահամյան, Գառնիկ Իսրայելյան (Պրոֆեսոր), Ֆելիքս Պողոսյան, Ռազմիկ Մելքումյան, Վալերի Կարապետյան, Բաբկեն Աբրահամյան…
Իր մարտական ուղին հրետանուց սկսեց նաև Հայաստանի ու Արցախի առաջին ազգային հերոս Յուրա Պողոսյանը:
Արցախում փոքրաքանակ հրետանի ունեցան նախկին ԽՍՀՄ ՆԳՆ և 366-րդ գնդերի հեռանալուց հետո, թեև նրանք միայն տեխնիկապես անսարք կայանքները թողեցին, իսկ մնացած սպառազինությունը ծանր ուղղաթիռներով տարան:
ՀՀ սահմանամերձ և ԼՂՀ շրջաններից յուրաքանչյուրում հիմնականում դեռ մեկ հրետանային կայանք կար, որն էլ պտտեցնում էին շրջանի սահմանի ողջ երկայնքով: Բայց նրանց որոտը լսվում էր. սահմաններում արդեն հրթիռահրետանային կրակային վահան կար:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/Rafael.Melqonyan/posts/431076883616487
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել