Պետական այցով Չինաստանում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպման ընթացքում ջերմ, բարեկամական և փոխվստահության մթնոլորտում ձեռք է բերվել փոխըմբռնում հարցերի լայն շրջանակի շուրջ:
Բազմաթիվ հարցերի շարքում անդրադառնանք ԼՂ հակամարտության կարգավորմանը վերաբերող հատվածին: «Չինական կողմը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդար կարգավորման օգտին` ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնական նպատակների ու սկզբունքների և միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերի համաձայն»,- ասված է հռչակագրում:
Այստեղ կարևոր և ամենագլխավոր շեշտադրումը թերևս ՄԱԿ կանոնադրության հիմնական նպատակների ու սկզբունքների վրա հիմնվելն է: Որոնք են ՄԱԿ-ի կանոնադրության 4 հիմնական նպատակները` 1. միջազգային խաղաղության պահպանում, այդ խաղաղությանը սպառնացող բոլոր տեսակի սպառնալիքների վերացում, 2. Ազգերի բարեկամական հարաբերությունների զարգացում, որը հիմնված է ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հարգանքի վրա, 3. Մարդու իրավունքների հարգում, խտրականության բացառում և վերջապես 4-րդ` դառնալ ազգերի գործողությունների համաձայնեցման կենտրոն այդ ընդհանուր նպատակներն իրագործելու ճանապարհին:
Դատելով այս նպատակներից՝ հանգում ենք այն եզրակացության, որ ԼՂ հակամարտության կարգավորումը դիտարկվում է ոչ միայն միջազգային իրավական սկզբունքների, այլ նաև ՄԱԿ կանոնադրության նպատակների տեսանկյունից: Բնականաբար, այստեղ շեշտը դրված է խաղաղության պահպանման վրա, իսկ խաղաղության պահպանման հետ մեկտեղ նաև շեշտը դրված է ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հարգանքի վրա:
Ավելին, ՄԱԿ կանոնադրության նպատակների մեջ կարմիր թելով անցնում է խաղաղության պահպանումը, խաղաղության ցանկացած սպառնալիքի թույլ չտալը, ինչպես նաև ծագած վեճերը բացառապես խաղաղ միջոցներով լուծելու պարտավորությունը:
Սա ադեն խոսում է հայկական դիվանագիտության առաջընթացի մասին: