Yerevannews.am-ը գրում է.
Տարբեր են մարդիկ, տարբեր են մարդկանց նախասիրությունները և, հատկապես, ունակությունները: Խոսքն, իհարկե, ֆիզիկական ունակությունների մասին չէ: Մարդն այս տիեզերք և աշխարհ կոչվող բարդ, բայց միևնույն ժամանակ չհասկանալու և ապշելու աստիճան հրաշալի մեխանիզմների կարևորագույն բաղկացուցիչն է: Հետևաբար անմիջականորեն կապված է տիեզերքի ու բնության հետ: Իսկ այդ կապը ավելի քան ֆիզիկական է: Մեր շրջապատում, մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր շատերի համար գուցե անհասկանալի են. խոսում են անհասկանալի երևույթների մասին, սակայն մշտապես գտնվում են բոլորի ուշադրության կենտրոնում և ամենից շատ այն պարզ պատճառով, որ զարմանալի ու հետաքրքիր են:
«Վեցերորդ զգայարան» հեռուստաշոուի արդեն նախկին մասնակից, թաքնագիտական յոգային տիրապետող, բազմահազարանոց հեռուստադիտողներին իր յուրահատուկ ունակություններով ապշեցրած յոգ Վահան Մելիք-Փարսադանյանը YerevanNews.am-ին տված բացառիկ հարցազրույցի ընթացքում տալիս է բոլորիս հետաքրքրող հարցերի պատասխանները:
Ասում են մասնագիտությունը հիմարի խելքն է, այո՛, չի կարելի ճշմարտությունը մասնատել, քանի որ բնությունն իր օրենքներով հանդերձ միասնական է կամ ինչպես Ֆարադեյն էր ասում՝ «Բնության օրենքները միասնական են և ունեն միանման ծագում»: Հետևաբար, ուսումնասիրել ու խորացել եմ բնագիտության բոլոր բնագավառերում, ստանալով միասնական պատկեր, ինչում օգնել է ինձ գաղտնագիտական յոգան. այն յոգան, որ միայն բանավոր է փոխանցվել և ոչ թե միստիկա է, այլ գիտություն:
Մելիք-Փարսադանյանը համոզված է, որ ցանկացած մարդ բազմաթիվ պոտենցիալ ունակություններ ունի, ընդ որում կարող է և գուշակել, եթե կարողանա կապվել և ընկալել այն ինֆորմացիան, որ ձևավորվում է յուրաքանչյուրի կյանքում որպես ճակատագիր: Իսկ ընկալելու համար անհրաժեշտ է մտնել ավելի մեծ արագությունների մեջ, այլ կերպ ասած գալ տրանսի վիճակի, և ստանալ վիբրացիաների համապատասխան հաճախականությունը, ինչի արդյունքում տեղի է ունենում ռեզոնանս և ձևավորվում է կապ:
«Նշեմ սակայն, որ էքստրասենսոր նման ունակությունները որոշակի նորմայից խախտված վիճակ են և պետք է կարողանալ ետ գալ նորմալ վիճակի, այլապես վերջաբանը վատ է լինում, ինչպես լինում է գրեթե բոլոր էքստրասենսերի մոտ, որ կայունացած տրանսի վիճակում են գտնվում: Այնպես, որ խնդիր չկա, երբ տիրապետում ես տեխնոլոգիային՝ կարող ես այն կիրառել»-ավելացրեց նա:
Իսկ այն հարցին, թե արդյոք ի վերուստ կա՞ ճակատագիր և յոգան կարո՞ղ է նպաստել մարդու ճակատագրի ընթացքի վրա, Վահան Մելիք- Փարսադարյանը պատասխանեց.
Ճակատագիրը նախապես կանխորոշված չէ, այն մենք ենք ձևավորում մեր կեցությամբ ու մտածողությամբ և փոփոխելի է՝ հնարավոր է խուսափել ամենասարսափելի բաներից անգամ: Իսկ գաղտնագիտական յոգան տալիս է այն գիտելիքը, ինչի օգնությաբ հնարավոր է ոչ միայն ճակատագիրը, այլև առողջությունն ու իրականությունը կառավարել:
Թե ի՞նչն է պատճառը, որ այլևս չի մասնակցում «Վեցերորդ զգայարան» հեռուստաշոուին, Վահան Մելիք-Փարսադանյանը կարճ, բայց օրիգինալ պատասխան տվեց:
Ցանկացած համեղ կերակուր անհամ կդառնա, եթե չափից ավելի ուտես:
Ի՞նչպես և ո՞ր գիտությունների հիմունքներով եք օգնում մարդկանց:
Հիմնականում զբաղվում եմ ֆիզիկագիտությամբ և առողջագիտությամբ: Բազմիցս ինձ հաղորդված գիտելիքը, գաղտնագիտական յոգայի ճշմարտացիությունը ստուգել եմ ինձ վրա կատարված փորձերով, մասնավորապես առաջ բերելով տվյալ հիվանդությունը, ապա ստանալով բուժում, ու համոզվել, որ ճիշտ են: Իմ գրքում «Յոգան և ինքնախաբեությունների ախտաբանությունը» շատ անբուժելի համարվող հիվանդությունների պատճառագիտությունն ու բուժումն եմ ներկայացրել, և շատերն են վերականգնել իրենց առողջությունը՝ հետևելով ասվածին: Օգնում եմ բոլոր նրանց ովքեր դիմում են լուրջ խնդիրներով, իսկ գուշակություններով ու նմանատիպ այլ բաներով չեմ զբաղվում: Միջամտում եմ միայն այն դեպքում, երբ ճակատագրում վատ բան է կոդավորված. ասում եմ, թե ինչպես խուսափի:
Հատկապես երիտասարդներից շատերին հետաքրքրող հարցին, թե կա արդյո՞ք կանխավ նախատեսած կոնկրետ կողակից: Մելիք-Փարսադանյանը հետևյալ պատասխանը տվեց.
Նախապես կանխորոշված կողակից չկա, պարզապես անհրաժեշտ է էությունների նույնականություն, որպեսզի կապ ձևավորվի և արդեն սկսում է աշխատել սիրո մեխանիզմը՝ եթե կնոջ մեջ են միավորվում էներգետիկ դաշտերը՝ տղամարդն է սիրահարվում կամ հակառակը: Երկկողմանի սիրո դեպքում այդ դաշտը մշտապես փոխանցվում է մեկից մյուսին:
Անդրադառնալով կպչուն մտքերին՝ հայտնի յոգը բացատրեց, որ կպչուն մտքերը կենտրոնական նյարդային գործունեության որոշակի վիճակ են, գրգռման ու արգելակման պրոցեսների անհավասարակշռության հետևանք և ճակատագրի վրա ազդել չեն կարող: Այնուհետև անդրադարձավ աստղագուշակությանը:
Աստղագուշակությանը չեմ հավատում: Հնում որևէ իրադարձություն գուշակելով, դա ոչ թե տիեզերական մարմինների հետ են կապել, այլ, քանի որ օրինաչափ են տիեզերական երևույթները, դրանով նշել են ժամանակը, թե երբ տեղի կունենա:
Իսկ այն հարցին, թե ինչպե՞ս է պետք հնարավորինս ճիշտ ապրել, Վահան Մելիք-Փարսադանյանը պատասխանեց այսպես.
Ճիշտ ապրելը մի հսկայական գիտություն է և հնարավոր չէ մի քանի նախադասությամբ բացատրել: