
Արքայազն Հարին քեֆչի հասան է, սակայն նա չի մոռանում ժամանակ հատկացնել նաև բարեգործությունների համար։ Նա ակտիվորեն զբաղվում է ՁԻԱՀ-ով հիվանդանալու բարձր ռիսկային խմբում գտնվող երեխաների պաշտպանությամբ։ Զարմանալի չէ, որ նա ընտրել է բարեգործության հենց այս ուղղությունը։ Նրա մայրը՝ վաղամեռիկ արքայադուստր Դիանան, ևս մի շարք բարեգործական ակցիաներ է նախաձեռնել կենդանության օրոք։

Հարին իր զարմիկի հետ միասին հանդիսանում է «Sentebale» բարեգործական ընկերության հիմնադիրը։ 30-ամյա արքայազնը վերջերս հիմնեց «Mamohato» մանկական կենտրոնը, որը միտված է լուծել խոցելի երեխաների առողջապահական ու կրթական խնդիրները։ «Life Ball» միջոցառման ժամանակ նախատեսվում է Հարիին շնորհել «Հուսո բյուրեղ» մրցանակը։

Սա ՁԻԱՀ-ով հիվանդ երեխաների պաշտպանությանն ուղղված խոշորագույն բարեգործական միջոցառումն է ողջ Եվրոպայում։ Այս ամենամյա միջոցառումը կկայանա այս տարվա մայիսին։ Այս միջոցառման կազմակերպիչները համագործակցում են Էլթոն Ջոնի հիմնադրամի հետ, որը նույնպես զբաղվում է ՁԻԱՀ-ով վարակված մարդկանց իրավունքների պաշտպանությամբ։

2015-ի «Life Ball»-ի խորհրդանիշը ոսկին է։ Վիեննայում կայանալիք այս միջոցառման շրջանակներում տեղի է ունենալու նորաձևության ցուցադրություն հայտնի սուպերմոդելների ու դիզայներների մասնակցությամբ։

Միջոցառման հյուրերի շարքում կլինեն այնպիսի աստղեր, ինչպիսիք են Շարլիզ Թերոնը, Էլթոն Ջոնը, Քեյմբրիջի դքսուհին, նրա ամուսինը և այլք։ «Life Ball»-ի նախորդ տարիների միջոցառումները ևս աչքի են ընկել աստղային հյուրերով: Տարբեր տարիներին այս հեղինակավոր միջոցառմանը մասնակցել են Սինդի Քրոուֆորդը, Էլթոն Ջոնը, Բիլլ Քլինթոնը, Կոնչիտա Վյուրստը, Անտոնիո Բանդերասը և այլք։
![]() |
![]() |






