L
ife.panorama.am-ը գրում է.
Կարեն Ջանիբեկյանը ծնվել է 1937 թ. հուլիսի 1-ին, Երևանում: Նրա արմատները կապված էին մայրաքաղաք Երևանին, հետևաբար տոհմիկ երևանցի էր՝ քաղաքաբնակի իր կենցաղով, մշակույթով, կեցվածքով ու հոգեկերտվածքով: 1966 թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: 1966-67 թթ. աշխատել է Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում, 1967 թ.` Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
Կարճ ժամանակամիջոցում նա կարողացել է իր տեղը զբաղեցնել թատրոնի շնորհալի անհատականությունների կողքին, ինքնատիպ դերակատարումներով հանդես եկել «Մայրամուտից առաջ», «Ծիրանի ծառ», «Հաջի Փայլակ» և այլ ներկայացումներում: Մի կարճ շրջան հեռանալով թատրոնից՝ Կարեն Ջանիբեկյանը մոտ երեք տասնյակ դեր է խաղացել հայկական հեռուստաթատրոնում՝ էկրան բերելով սոցիալական նոր ու ինքնատիպ հերոսի, պատկերել մեծ ողբերգությունների միջով անցած անձանց, ուրույն հոգեբանական մեկնաբանություններով ներկայացրել նրանց ճակատագրերը: 1982-ից Կարեն Ջանիբեկյանը վերադարձել է Գ. Սունդուկյանի անվան թատրոն և աշխատել մինչև իր կյանքի վերջը:
Թատրոնում ստեղծած նրա կերպարներն աչքի էին ընկնում ազգային նկարագրով, բնավորության բացառիկությամբ, հոգեբանական բազմաշերտ ընդգծումներով: «Մոլիերի կյանքը», «Հացավան», «Սերը ծփիների տակ» և այլ բեմադրություններում, նրա ստեղծած կերպարները հարստացրել են Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի պատմությունը, երևակել Կարեն Ջանիբեկյանի դերասանական հարուստ հնարավորությունները, արտահայտչական առանձնահատկությունները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ