Հիսուս Քրիստոսին ուղղված Աբգար թագավորի նամակի բնօրինակը գտնվում է Հռոմի Պապի անձնական հավաքածուում:
Հայոց Աբգար թագավորը, լսելով Փրկչի հրաշագործությունների համբավը և հավատալով, որ դրանք մարդու զորություններ չեն, այլ Աստծո, իր բանբերների միջոցով թուղթ՝ նամակ-խնդրագիր է ուղարկում Երուսաղեմ՝ Փրկչին, որպեսզի Նա գա և բժշկի իրեն. շուրջ յոթ տարի թագավորը բորոտ էր:
Ստորև ներկայացնում ենք նամակի բովանդակությունը.
«Աբգար Արշամից աշխարհի իշխան, բարերար և փրկիչ Հիսուսիդ, որ Երուսաղեմում հայտնվեցիր, ողջո՛ւյն:
Լսել եմ քո մասին, և այն բժշկությունների, որ կատարվում են քո ձեռքով առանց դեղերի և արմատների, որովհետև, ինչպես ասում են, դու կույրերին տեսցնում ես, կաղերին քայլեցնում, բորոտներին մաքրում, չար ոգիներ ու դևեր հանում, դու նաև մեռածներին ես կենդանացնում: Երբ այս ամենը քո մասին լսեցի, մտքումս դրի այս երկուսից մեկը՝ կամ որ դու Աստված կլինես, որ երկնքից է իջել, կամ Աստծո որդի: Այս պատճառով քեզ գրեցի, աղաչելով, որ նեղություն կրես, գաս ինձ մոտ և բժշկես իմ ունեցած հիվանդությունը: Նաև լսեցի, թե հրեաները քեզանից դժգոհում են և ուզում են քեզ չարչարել, բայց ես մի փոքր ու գեղեցիկ քաղաք ունեմ, որ երկուսիս էլ բավական է»:
Աբգարն արժանանում է Փրկչի պատասխանին, որտեղ ասվում է, որ Փրկիչը կուղարկի իր աշակերտներից մեկին, ով կգա, «կբժշկի և կյանք կշնորհի քեզ և քեզ հետ եղողներին»:
Փրկչի համբարձվելուց հետո Թովմաս առաքյալը Եդեսիա է ուղարկում Թադեոս առաքյալին, ով բուժում է Աբգարին, քաղաքի բոլոր հիվանդներին ու ախտավորներին, քարոզում Ավետարանը և Եդեսիայի եպիսկոպոս կարգում Ադդե անունով մետաքսագործին, ապա մեկնում, ըստ Մովսես Խորենացու, Աբգարի քեռորդու՝ Հայոց Սանատրուկ թագավորի արքունիք:
Աբգարը դարձի գալով՝ նամակներ (թղթեր) է հղում Հռոմի Տիբերիոս կայսրին, Ասորեստանի Ներսեհ թագավորին, Պարսից Արտաշիր թագավորին, «որպեսզի նրանք ևս ընդունեն Հիսուս Քրիստոսին՝ որպես Աստծո Որդու և Փրկչի»:
Նշենք, որ Աբգար թագավորի նամակի բնօրինակը գտնվում է Հռոմի Պապի անձնական հավաքածուում:
Նյութը պատրաստվել է Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» գրքի հիման վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել