Մի քանի տարի առաջ, երբ ազգային հավաքականը գրեթե չէր հաղթում, բոլորը մեծ հաշվով թքած ունեին հավաքականի վրա ու հավաքականի խաղերը նայում էին ավելի շատ նյարդայնանալու համար, քան հաղթանակ ակնկալելու։ Հետո սկսվեց հավաքականի վերելքը, ու մի քանի տպավորիչ հաղթանակներից հետո հավաքականը դարձավ բոլորի սիրելին ու հպարտությունը, հետո թիմի խաղը կրկին անկում ապրեց, ու դրան զուգահեռ անկում ապրեց այն սիրողների, երկրպագողների ու հպարտացողների թիվը։ Ինչո՞ւ... Որովհետև շատ հայեր սիրում են սիրել հաղթողին, հպարտանալ հաղթողով ու երկրպագել միայն հաղթելու պարագայում, իսկ մեդալի հակառակ կողմն ընդունել չեն կարողանում։

Նույն բանն էլ տեսնում ենք բանակի նկատմամբ ֆեյսբուքահայության մի ստվար զանգվածի պարագայում։ Քանի դեռ զոհ չկա, քանի դեռ բացթողում չկա, բանակը բոլորի աչքի լույսն ա, բայց հենց մարտական կամ ոչ մարտական պայմաններում բանակն ինչ-որ անհաջող դրվագ է ունենում, դառնում է բուռն քննարկումների ու քննադատությունների թեմա։ Ընդ որում, ես դեռ հասկանում եմ, որ տրվելով էմոցիաներին՝ բուռն բանավեճերի ու քննադատության մեջ են մտնում մարդիկ, ովքեր ԳՈՆԵ ծառայել են, բայց արի ու տես, որ ամենասուր, ամենաքննադատական, ամենախուճապային, իսկ երբեմն էլ ամենավիրավորական դրվագներում տեսնում ենք մարդկանց, ովքեր գոնե 15 րոպե չեն եղել զորանոցում, չգիտեն՝ ինչ ա նշանակում «կապծյոռկա», ու բանակն իրենց համար զուտ ինչ-որ վերացական ու հեռու բան ա։

Բայց արի ու տես, որ դա այդ կանանց ու չծառայած տղամարդկանց չի խանգարում, որ ամեն առիթով քլունգն առնեն ձեռքներն ու վրա տան.

- Ինչ-որ պայմանագրային, ամենայն հավանականությամբ ինքնակամ, անցնում է հակառակորդի կողմը, բայց արդեն մեծաթիվ «էքսպերտային» բանակ կա, որ կարծում ա, թե նրան «դիվերսիան ա գողացել» (ու ջհանդամ, թե սկի դիվերսիա ու դիվերսանտ բառի տարբերությունը չգիտեն), իսկ եթե «դիվերսիան ա գողացել», ուրեմն էս ի՞նչ բանակ ա։

- Անհավասար մարտում մեր ժամկետային զինվորները վիրավոր-վիրավոր թույլ չեն տալիս, որ իրենց գլխովին ոչնչացնեն, ու դեռ մի բան էլ հետ են շպրտում Թուրքիայում վերապատրաստված հատուկջոկատայիններին, մեր դիվանային գեներալները միանգամից հարայ-հուրույ են դնում. «Այ որ էն սուպեր-պուպեր սարքերից լինեին, սենց չէր լինի, համ էլ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ բանակ ա պետք, էդ երեխեքն ի՞նչ անեն»։ Ու ջհանդամ, որ, ի վերջո, հենց էդ երեխեքն էլ արել են ու անում են, ու ջհանդամ, որ պայմանագրային ասվածը դեռ անպայմանորեն չի նշանակում պրոֆեսիոնալ, ու ջհանդամ, որ էդ սուպեր-պուպեր սարքերն իրականում լավ բան են, բայց ոչ մի երաշխիք չեն տալիս ոչ մեկին... Կարևորը իմաստուն դեմքերով ու աղիողորմ սենտիմենտներով հագեցած մեկնաբանություններ գրելն ա՝ առանց խորանալու դետալների մեջ։

- Ոչ մարտական պայմաններում զոհված մի քանի զինվորների մայրեր համաձայն չեն քննության հետ (իրենց մասին ոչ մի բան չեմ կարող ասել), մեր էքսպերտները միանգամից տռակտովկա են անում դա էսպես. «Բանակը սպանդանոց ա, հլա տեսեք՝ քանի՜-քանի՜ մայրեր են այդպես, և ընդհանրապես բանակում սարսափելի վիճակ ա»։ Թե ասա՝ այ բալամ, մի օր բանակում չես եղել, էդ մի կողմ, բայց ախր «քանի՜-քանի՜»-ն որ ասում ես, նեղություն քաշո՞ւմ ես՝ մի հատ նայես, թե իրոք քանի նման դեպք կա։ Եթե անգամ ընդունենք, որ այդ բողոքող կանանց բոլորի պահանջներն արդար են, ու իրոք ինչ-որ անարդարություն է եղել գործերի քննությունում, էլի մի քանի հոգի է հավաքվում։

- Նախկին զինծառայողի առողջական խնդիրների համար դրամահավաք է հայտարարվում «Օգնեք զինվորին» կարգախոսով, մեկ էլ հո՛պ, դանակավորները գալիս են. «Բա էս անելու բա՞ն ա, ինչի՞ ա բանակն անտեր թողել իրա նախկին զինվորին» ու ջհանդամ, որ իրանք տեղյակ չեն, որ բանակը մի հատ բավականին կլորիկ գումար է հատկացրել Իսրայելում բուժվելու համար, ու արդեն ինչ-ինչ պատճառներով տղային Իսրայել չեն տարել, կարևորն առանց ճշտելու մի բան քոմմենթելն ա, չէ՞։

- Լևոնը հայտարարում ա, թե այ որ իրան լսսեին ու 98-ին պայմանագիր կնքեին, հիմա լավ կլիներ, ու գնա՜ց, թութակություն անողներն ու էս թեզը որպես դոգմա ընդունողները վրա են տալիս։ Ու ջհանդամ, թե իրականում ոչ մի հիմք չունենք կարծելու, որ խաղաղության պայմանագրի լևոնական մոդելից հետո մի որոշ ժամանակ հետո թուրքն էլի ոտնձգություններ չէր անի (փորձը ցույց է տալիս, որ կաներ, այն էլ ինչպես), ու վաղը մեր տղերքը ոչ թե Գյուլիստանի անտառներում ստիպված կլինեին թշնամուն առերեսվել, այլ Վարդենիսի, Սիսիանի կամ էլ ինչո՞ւ ոչ՝ Երևանի մատույցներում...

Ու այսպիսի օրինակները շատ-շատ են։ Իհարկե, ոչ մի մարդկային ինստիտուտ, այն էլ բանակի պես լուրջ ու հսկայական պետական ինստիտուտ, չի կարող առանց թերությունների լինել, որովհետև անթերի չէ ցանկացած նման համակարգի գլխավոր բաղկացուցիչը՝ մարդը։ Բայց ինչպես մարդուն է պետք ընդունել իր բոլոր առավելություններով ու թերություններով հանդերձ, այդպես էլ պետք է այլ պարագաներում նման մոտեցում ցուցաբերել։

Համաձայնվեք, իրոք անարդար է, երբ էսօր բուռն գովում ես բանակը ցանկացած ձեռքբերման համար, իսկ վաղը քլունգը ձեռդ ես առնում ու ընկնում ես էն նույն բանակի ջանին, որին դեռ երեկ գովում էիր և գովալու ես արդեն վաղը։ Ու ևս մի կարևոր դիտարկում, բանակը միայն ժամկետայինը չէ։ Ի վերջո, սա բանակ է, այլ ոչ թե անարխիկ աշխարհազոր։ Բանակը ժամկետայինն է, բանակը պայմանագրայինն է, բանակը սպան է, բանակը քաղծառայողն է, որն աշխատում է ՊՆ-ում, բանակը պահեստազորն է, բանակը վաղվա զինվորն է, ու որ առավել կարևոր է՝ այս բոլորի միասնակությունն է ու այդ բոլորին համատեղող համակարգի կենսունակությունը։

Վերադառնալով ֆուտբոլի օրինակին. այն երկրպագուն, որը միայն հաղթելուց է իր թիմի կողքին, երկրպագու չէ, այլ տոտալիզատորում դրույք անող, իսկ հավատարմությունը միայն լավ օրերի համար չէ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել