Armlur.am-ը գրում է.
Մարտի 22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՊԲ N զորամասերում առեղծվածային դեպքերը հաջորդեցին մեկը մյուսին: Նախ՝ նշվածը օրը ԼՂՀ ՊԲ N զորամասի պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանը լքել էր մարտական դիրքերը` հայտնվելով հակառակորդի կողմում: Իսկ, ահա, ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ ԼՂՀ ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Հայկ Մարգարյանը հանկարծամահ է եղել:
Ամեն ինչի մասին ամենասկզբից
Ըստ Լեռնային Ղարաբաղի Հանարապետության պաշտպանական բանակի պաշտոնական հաղորդագրության՝ մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ԼՂՀ ՊԲ N զորամասի շարքային պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանը ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել: Հրապարակումից հետո Ադրբեջանը, շարունակելով իր որդեգրած նենգ քաղաքականությունը, տեսանյութ հրապարակեց, որտեղ Անդրանիկ Գրիգորյանը պատմում է, թե իբր ինչպես են զորամասում իրեն ծեծել, ուստի անիմաստ մահից խուսափելու համար ինքը լքել է մարտական դիրքը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Անդրանիկ Գրիգորյանի փեսան՝ Արմեն Հարությունյանը, պատմեց, որ Անդրանիկը արդեն երկու տարի է, ինչ որպես պայմանագրային զինծառայող աշխատում է ԼՂՀ ՊԲ-ում. «Այնքան լռակյաց էր, որ մեզ ոչինչ չի պատմել իր ծառայությունից, բայց եթե դժգոհ լիներ ծառայությունից, ապա ժամկետային ծառայությունը ավարտելուց հետո չէր ցանկանա գնալ, որպես պայմանագրային զինվոր ծառայել»: Ըստ փեսայի` Անդրանիկը այդ քայլին, միգուցե, գնացել է ընտանիքում ստեղծված ծանր իրավիճակի պատճառով. «Մայրը հոգեկան խնդիրներ ունի, պառկած վիճակում է, իսկ հայրն էլ օրեր առաջ ինսուլտ է ստացել, միգուցե այս ամենից սթրես է տարել, նեղվել ու գնացել է այդ քայլի՞ն, դեռ ոչինչ չգիտենք: Ախր, մի ամիս առաջ նոր մեքենա էր գնել, չգիտենք՝ ինչո՞ւ այսպես վարվեց»: Մեր զրուցակցի խոսքով` Անդրանիկի ծառայակից ընկերներն ասել են, որ նա նյարդերի հետ կապված խնդիրներ ուներ. «Ինձ ասել են, որ դիրքերից իջնում էր բուժկետ, ներվերը հանգստացնում, էլի բարձրանում էր դիրքեր: Դեպքից մեկ օր առաջ կնոջս հետ է խոսել, ամեն ինչ կարգին է եղել: Նույնիսկ կինս էլ խոսելու բան չի ունեցել, բայց Անդրանիկը չի ցանկացել անջատել հեռախոսը եւ շատ է ցանկացել քրոջ հետ երկար խոսել: Ու ամեն անգամ հարցրել է ընտանիքից, հոր ու մոր առողջությունից»: Արմեն Հարությունյանի խոսքով՝ այն, ինչ հրապարակում են ադրբեջանական կայքերը, սուտ է. «Իբր նրա ծառայակից տղաներից մեկը եւս նրա հետ ցանկացել է լքել պոստը: Չկա նման բան, ձեզ ավելին ասեմ՝ Մկրտչյան ազգանունով զինվոր այնտեղ չի էլ եղել: Ավելին՝ ոչ մի ծառայակից ընկեր չի պատրաստվել նրա հետ խախտել սահմանը: Այն, ինչ Ադրբեջանը ցույց է տալիս, շոու է»: Անդրանիկի ընտանիքի անդամները հույս ունեն, որ գոնե Կարմիր խաչը մի քայլ կձեռնարկի, եւ տղային կկարողանան շուտ վերադարձնել հայրենիք: Այն, որ պայմանագրային զինծառայողի մոտ առողջական խնդիրներ են եղել, հաստատում են նաեւ նրա հարազատները եւ ծառայակից ընկերները: Ուստի այս հանգամանքը աչքաթող անելը եւս ենթադրում է քրեական պատասխանատվություն: Հուսանք, որ ԼՂՀ ՊԲ-ն կուսումնասիրի այս հանգամանքը, եւ եթե ապացուցվի զինվորի առողջական խնդիր ունենալու փաստը, ապա, ըստ էության, դասալքությունից բացի՝ գործ կունենանք նաեւ քրեական օրենսգրքով նախատեսված այլ գործի հետ: Ասել է թե՝ իրավապահներն այս անգամ պատասխանատվության պետք է կանչեն այն պաշտոնատար անձանց, ովքեր պատասխանատու են ստեղծված իրավիճակի համար: Նշենք, որ առայժմ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասով (դասալքությունը մարտական հերթապահություն կատարող զինծառայողի կողմից): Կատարվում է նախաքննություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



