Մարտի 24-ը Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն էArmlur.am-ը գրում է.

1882 թվականի մարտի 24-ին Ռոբերտ Կոխը հայտնաբերեց տուբերկուլոզի հարուցիչը: 100 տարի անց` 1982 թվականից ողջ աշխարհում յուրաքանչյուր տարի մարտի 24-ը նշվում է որպես Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր, որի հիմնական նպատակն է առավել համախմբված և արդյունավետ դարձնել տուբերկուլոզի դեմ պայքարը: Տուբերկուլոզը հանդիսանում է առողջապահության առավել բարդ խնդիրներից մեկը ողջ աշխարհում: Չնայած այն բանին, որ տուբերկուլոզը բուժելի է, այն շարունակում է տարածվել` սպառնալով միլիոնավոր մարդկանց առողջությանը, տնտեսական և սոցիալական բարեկեցությանը: Ամեն տարի աշխարհում գրանցվում է տուբերկուլոզի մոտ 9 մլն նոր դեպք և 2 մլն մարդ մահանում է այս հիվանդությունից: Հայաստանի Հանրապետությունում, չնայած 90-ականներից սկսած տուբերկուլոզի տարածման աճին, վերջին տարիներին նկատվում է հիմնական համաճարակաբանական ցուցանիշների կայունացման միտում: 2008 թվականին արձանագրվել է 1519 տուբերկուլոզի նոր դեպք, հիվանդացության ցուցանիշը` 100.000 ազգաբնակչության հաշվարկով կազմում է 47: Նախորդ տարվա համեմատ այն նվազել է 1.3%-ով: Մահացության ցուցանիշը 2007թվականին հաշվարկված 5.4-ից 2008 թվականին դարձել է 4.3: Տուբերկուլոզի խնդրին լուծում տալու նպատակով` Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը /ԱՀԿ/ մշակել է տուբերկուլոզի բուժման DOTS /Directly Observed Treatment Short-course – Ուղղակիորեն հսկվող բուժման կարճաժամկետ կուրս/ ռազմավարություն, որը արդյունավետ կերպով կիրառվում է աշխարհի գրեթե բոլոր, այդ թվում նաև զարգացած շուկայական տնտեսություն ունեցող, երկրներում: Սկսած 1995թվականից աշխարհի մոտ 184 երկրում այս ռազմավարությամբ բուժվել է ավելի քան 31,8 մլն մարդ: 2000 թվականին ԱՀԿ-ի կողմից ձևավորվեց «Կանգնեցնել տուբերկուլոզը» գործընկերությունը: Այն առաջարկում է նոր ռազմավարություն, որով նախատեսվում է ամրապնդել ԴՈՏՍ ռազմավարության բոլոր բաղադրիչները, ԴՈՏՍ-ը ադապտացնել տուբերկուլոզ/ՄԻԱՎ, բազմադեղորայքակայուն տուբերկուլոզ համաճարակներին և ժամանակի այլ մարտահրավերներին, հզորացնել առողջապահական ողջ համակարգը, բուժօգնության բոլոր մակարդակներն ընդգրկել տուբերկուլոզի դեմ պայքարում, բարձրացնել հիվանդների ինքնագիտակցությունը և գիտահետազոտական և վերլուծական աշխատանքների համար նպաստավոր պայմաններ ստեղծել: Դրվել են որոշակի նպատակներ, ըստ որոնց մինչև 2015 թվականը ողջ աշխարհում պետք է 1990թվականի համեմատ կիսով չափ նվազեցնել տուբերկուլոզի տարածվածությունը և մահացությունը, հասնել նրան, որ մինչ 2050թ ողջ աշխարհում 1.000 000 ազգաբնակչության մեջ տարվա ընթացքում արձանագրվի ավելի քիչ քան տուբերկուլոզի 1 դեպք: Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի դեմ պայքարն իրականացվում է ՀՀ Կառավարության 2006թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 52 արձանագրային որոշմամբ հաստատված «2007-2015թթ. Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի» շրջանակներում, որի հիմքում ևս ընկած են ԱՀԿ մոտեցումները և նպատակները: Տուբերկուլոզի դեմ պայքարում ՀՀ առողջապահության նախարարությունը սերտորեն համագործակցում է մի շարք միջազգային կազմակերպությունների` մասնավորապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Բժիշկներ առանց սահմանների /Ֆրանսիա/ կազմակերպության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Գերմանական ԳՈՊԱ-էպոս կազմակերպության, ԱՄԿՈՐ-ի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, Տուբերկուլոզի և Մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի հետ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել