1in.am-ը գրում է.
Apple-ի թոփ-մենեջմենթը գովել է Սթիվ Ջոբսի նոր կենսագրականը, հայտնում է The New York Times-ը: Բացի դրանից՝ ընկերությունը, որը, որպես կանոն, տեղեկություն չի տարածում իր աշխատակիցների կյանքի մասին, մասնակցել է գրքի ստեղծմանը:
Խոսքը «Դառնալով Սթիվ Ջոբս. էվոլյուցիա` անխոհեմ նորահարուստից հեռատես առաջնորդ» (Becoming Steve Jobs: The Evolution Of a Reckless Upstart Into a Visionary Leader) գրքի մասին է, որը վաճառքի կհանվի մարտի 24-ին: Այն գրել են IT-լրագրող Բրենթ Շլենդերը և Fast Company ամսագրի խմբագիր Ռիք Թեթցելին:
Ընկերության ծրագրային ապահովման և ինտերնետ-ծառայությունների հարցերով տնօրեն Էդդի Քյուն գիրքն անվանել է առաջինն իր տեսակի մեջ` հաջողվել է «ամեն ինչ ճիշտ նկարագրել»:
«Դառնալով Սթիվ Ջոբս»-ի աշխատանքներին Apple-ի մասնակցությունը հերթական նշանն է, որ Apple-ի ներկայիս գլխավոր տնօրեն Թիմ Կուկը կորպորացիան ավելի բաց և հրապարակային է դարձնում, նշում է թերթը: Մինչդեռ Ջոբսն իր աշխատակիցների մեջ գնահատում էր կորպորատիվ գաղտնիքներ պահելու կարողությունը:
Մարտի կեսին ԶԼՄ-ներում հատվածներ են հրապարակվել Ջոբսի նոր ինքնակենսագրակ գրքից: Դրանցից հայտնի է դարձել, որ Կուկը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ պայքարող Ջոբսին փոխպատվաստման համար առաջարկել է իր լյարդի մի մասը, բայց մերժում է ստացել:
Նոր կենսագրականում նկարագրվում է արձագանքը լրագրող Ուոլթեր Այզեքսոնի գրած հայտնի «Սթիվ Ջոբս» գրքին, որը թողարկվել է 2011 թ.: Apple-ի աշխատակիցները քննադատության տարափ են տեղացել այդ գրքի հասցեին: Այսպես` Այզեքսոնի բեսթսելլերը հսկայական վնաս է հասցրել Ջոբսին, նոր գրքում պատմում է Կուկը: «Գրքում նկարագրված մարդու հետ ես ոչ մի դեպքում չէի ուզենա աշխատել այդքան ժամանակ»,- ասել է նա:
Apple-ի գլխավոր դիզայներ Ջոնաթան Այվը ևս ավելի վաղ The New Yorker ամսագրին տված հարցազրույցում բացասաբար է արտահայտվել հայտնի գրքի մասին: Նա ասել է, որ գրքի միայն մի քանի գլուխ է կարդացել, բայց դժգոհ է մնացել մի շարք անճշտությունների պատճառով:
Այզեքսոնի գրած գիրքը բեսթսելլեր է դարձել և 3 մլն օրինակով սպառվել միայն ԱՄՆ-ում: Գրքի ստեղծման համար հեղինակը խոսել է Ջոբսի ավելի քան 100 ընկերների, հարազատների, գործընկերների և նրան ճանաչած մարդկանց հետ: Բացի դրանից՝ Այզեքսոնը Ջոբսից ավելի քան 40 անգամ հարցազրույց է վերցրել:



