
Այս դեռահաս աղջիկը Մարոկկոյի բնակչուհի Իքրամ Սալհին է։ Նա չի փորձում նմանակել աստվածաշնչյան հերոս Սամսոնին, այլ պարզապես ձգտում է ճանաչվել Մարոկկոյի ամենաուժեղ կինը։ Վերջերս նա մի ռեալիթի շոուի շրջանակներում մեկ ու կես տոննա կշռող ավտոմեքենան քարշ տվեց մազերի օգնությամբ։

Նախ նրա մազի պոչը պարաններով կապեցին, ապա պարաններն ամրացրին «Mercedes-Benz» ավտոմեքենայի դիմացի մասին։ Այս հրաշամանուկը, 10 մետր տարածություն այդպես քաշելով, իր հետևից տարավ ավտոմեքենան։ Սկզբում նա առաջանում էր մանր քայլերով, սակայն մի քանի վայրկյանից նա արագացրեց իր քայլերն ու առաջին հայացքից փխրուն թվացող մարմնով առաջ մղվեց։ Ավտոմեքենային այլևս ոչինչ չի մնում, քան «հնազանդորեն հետևել» աղջկան։

Ինչպես նշեց ռեալիթի շոուի հաղորդավարը, նմանատիպ հնարքներ հաճախ կարելի է տեսնել Մարոկկոյում, սակայն այս մեկն առանձնահատուկ է նրանով, որ դրա կատարողն իգական սեռի ներկայացուցիչ է, այն էլ երեխա։ 10 մետր տարածություն հաղթահարելուց հետո հաղորդավար Դևիդ Բրեյնը ձեռքսեղմումով ողջունեց նրան, իսկ հավաքվածները ապշած սկսեցին ծափահարել։

Այս նկարահանումից հետո Իքրամը հարցազրույց է տվել, որի ընթացքում նշել է.
Ես ոչինչ չեմ զգում ավտոմեքենա քարշ տալիս։ Դա ցավոտ գործընթաց չէ։ Ես ուրախ եմ, որ բարձր եմ պահում Մարոկկոյի կանանց պատիվը և հույս ունեմ, որ Մարոկկոյի ամենաուժեղ կինը կլինեմ։

Իքրամն սկսել է այս յուրօրինակ հոբբիով զբաղվել ինը տարեկանից։ Նա ասում է, որ քարշ տված ամենածանր առարկան «4x4 Range Rover» մեքենան է եղել։ Ապրիլի 28-ին Իքրամը կմրցի Գերմանիայից ժամանած մասնակցի հետ։




