Վրաստանի անցած խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ մասնավոր այցով գտնվում էի Թբիլիսիում: Հիշեցնեմ, որ այդ ժամանակ Վրաստանի Նախագահը դեռ Սահակաշվիլին էր, իսկ Վանո Մերաբիշվիլին` Վրաստանի իրավապահ համակարգի բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական գաղափարախոսն ու դրշակակիրը, Վրաստանի վարչապետն էր:
Մեկնել էի մեքենայով և կանգնեցի բենզալցակայանի մոտ՝ մեքենան վառելիքով լիցքավորելու համար: Պատահաբար նկատեցի Իվանիշվիլիի դրոշը բենզալցակայանի անկյունում: Չեմ ցանկանում կենտրոնանալ այն հարցին, թե ինչպես էր հնարավոր բենզալցակայանում ընդդիմադիր կուսակցության դրոշի առկայությունն ու նրանց հրապարակային քարոզը, անցնեմ իմ և աշխատակցի կարճատև զրույցին:
Աշխատակցին, որը լցնում էր վառելիքը, հարցրի.
- Իվանիշվիլիի կողմնակի՞ցն եք։
Պատասխանեց՝ այո:
Հետևեց իմ հաջորդ հարցը.
- Կարծում եք՝ նա ավելի՞ն կանի Վրաստանի համար, քան արեց Սահակաշվիլին։
- Հարցը նրանում չի, թե ավել կանի կամ պակաս, հարցը նրանում է, որ իշխանությունը պետք է փոխվի, 10 տարի իշխանության եղավ Սահակաշվիլին, հիմա ժամանակն է փոփոխությունների: Եթե այս նոր իշխանությունը լավը չլինի, կփոխենք, ուրիշին կբերենք:

Մի պահ կարկամեցի, պատասխան չգտա, բայց ամբողջ ճանապարհին մտածում էի այդ շարքային վրացու մտածելակերպի մասին: Եթե Թբիլիսիի բենզալցակայանի աշխատակիցը, որին բնավ ինտելեկտուալ չես համարի, համոզված պնդում է, որ հաջողության ու զարգացման բանալին փոփոխությունների մեջ է, և դինամիկան է շարժում հասարակությանն ու պետությանը, ապա այդ ժողովուրդը վաստակել է ինքնիշխան, անկախ ու ժողովրդավարական պետություն ունենալու իրավունքը: Իսկ այն արտահայտությունը, որ եթե լավ չաշխատի, կփոխենք, ուրիշ իշխանություն կձևավորենք, փաստում է մի բան. ժողովուրդը հասկացել, ընկալել է, որ իշխանությունն իրականում պատկանում է իրեն և ընդունել է այդ իշխանությունը և դրա ամբողջ պատասխանատվությունը:
Հայաստանի հետ զուգահեռների անցկացումը թողնում եմ ընթերցողին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել