Panorama.am-ը գրում է.
ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 24-ին, ժամը 18:00-20:00, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ մարտի 25-ին, ժամը 12:00-14:00, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի շենքում: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում: Այս մասին հայտնում են Կարեն Ջանիբեկյանի մահվան կապակցությամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովից:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին, երկարատև հիվանդությունից հետո 77 տարեկանում, կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Գուրգենի Ջանիբեկյանը:
Կարեն Ջանիբեկյանը ծնվել է 1937 թ. հուլիսի 1-ին, Երևանում: Նրա արմատները կապված էին մայրաքաղաք Երևանին, հետևաբար տոհմիկ երևանցի էր՝ քաղաքաբնակի իր կենցաղով, մշակույթով, կեցվածքով ու հոգեկերտվածքով: 1966 թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: 1966-67 թթ. աշխատել է Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում, 1967 թ.` Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Կարճ ժամանակամիջոցում նա կարողացել է իր տեղը զբաղեցնել թատրոնի շնորհալի անհատականությունների կողքին, ինքնատիպ դերակատարումներով հանդես եկել «Մայրամուտից առաջ», «Ծիրանի ծառ», «Հաջի Փայլակ» և այլ ներկայացումներում: Մի կարճ շրջան հեռանալով թատրոնից՝ Կարեն Ջանիբեկյանը մոտ երեք տասնյակ դեր է խաղացել հայկական հեռուստաթատրոնում՝ էկրան բերելով սոցիալական նոր ու ինքնատիպ հերոսի, պատկերել մեծ ողբերգությունների միջով անցած անձանց, ուրույն հոգեբանական մեկնաբանություններով ներկայացրել նրանց ճակատագրերը: 1982-ից Կարեն Ջանիբեկյանը վերադարձել է Գ. Սունդուկյանի անվան թատրոն և աշխատել մինչև իր կյանքի վերջը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ